Գլխավոր Լրահոս

Հայաստանը գոբալ տաքացումից ամենաշատ տուժած երկրներից է․ Փաշինյան

Հայաստանը գոբալ տաքացումից ամենաշատ տուժած երկրներից է․ Փաշինյան

«Հայաստանը գոբալ տաքացումից ամենաշատ տուժած երկրներից է՝ չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են»։ Ալթայում Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր ելույթում նշել է, որ կլիմայի փոփոխության հետևանքներն արտահայտվում են սառցադաշտերի արագացված հալեցմամբ, տեղումների նվազմամբ, սողանքներով, հողի էրոզիայով և անապատացմամբ։ նրա խոսքով՝ ջրային ռեսուրսների պակասը հանգեցնում է արոտավայրերի և վարելահողերի արդյունավետության նվազման, ինչպես նաև անտառային ռեսուրսների կրճատման։ 

«Այս համատեքստում կարևորում ենք ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացումը։ Այդ իսկ պատճառով Հայաստանի Կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թթ․ ծրագիրը»։ Մշակվել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Օրինագծի նպատակն է ստեղծել իրավական և ինստիտուցիոնալ հիմք երկրում կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար»,- նշել է վարչապետը։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք կարևորում են կենսաբազմազանության պահպանումը: 

«2002-ից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը տալիս է զգալի արդյունքներ: Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակությունը և ձագերի բազմացումը Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի և սննդապահովման կայունության հասնելու մասին: Հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում:

Հայաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ի շրջանակներում լեռնային երկրների օրակարգին: Մենք ակտիվ մասնակցում ենք ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային երկրների բարեկամների խմբի աշխատանքներին, որը նախաձեռնել է Ղրղզստանը: Մենք նաև միացել ենք ղրղզական կողմի «Լեռնային գործընկերության խումբ» նախաձեռնությանը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ խումբը կդառնա կլիմայական համաժողովի շրջանակներում բանակցային գործընթացների ակտիվ մասնակից, որի նպատակով պատրաստ ենք ակտիվորեն նպաստել խմբի շրջանակներում անհրաժեշտ օրակարգի ձևավորմանը»,- ներկայացրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնել է, որ 2026-ին Հայաստանում է անցկացվելու կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը՝ COP17-ը:

«Մենք ակնկալում ենք ձեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին: Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները:

Վստահ ենք, որ միասին կարող ենք զգալի ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանման և բնական միջավայրի ռացիոնալ օգտագործման համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգուն համապատասխան»-եզրափակել է վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում