Տնտեսական ակտիվության աճը՝ 6,3%, սակայն արդյունաբերությունը և արտահանումը նվազում են

2025-ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 6,3% աճ։ Միայն հունիսին՝ 2024-ի հունիսի նկատմամբ, արձանագրվել է տպավորիչ` 8,6% աճ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության հիմնական խթանողները 2025-ի առաջին կիսամյակում եղել են շինարարությունը՝ 18,5% աճ, ծառայությունների ոլորտը՝ 9,8% աճ, և գյուղատնտեսությունը՝ 7,3% աճ։
Համեմատաբար թույլ արդյունքներ են գրանցվել առևտրի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում, որոնք աճել են համապատասխանաբար 4%-ով և 0,8%-ով։
Տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը՝ արդյունաբերական արտադրությունը, շարունակել է նվազել։ Եթե վերջին երկու տարում ոլորտը երկնիշ աճ էր արձանագրում՝ պայմանավորված թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման բարձր ծավալներով, ապա այս տարվա հունվար-հունիսին գրանցվել է 22,1% անկում։ Միայն հունիսին արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 0,2%-ով։
Տնտեսական ակտիվությունը զսպող կարևոր գործոններից է նաև արտաքին առևտրի կտրուկ նվազումը։ Տարվա առաջին վեց ամսում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9,6 մլրդ դոլար, ինչը 45%-ով պակաս է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Արտահանման ծավալը նվազել է 52,8%-ով՝ հասնելով 3,7 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը կազմել է 5,9 մլրդ դոլար՝ 38,6%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։
Civilnet










