Երևանի հեղեղատար համակարգի բարեկարգման համար կպահանջվի շուրջ 11 մլրդ դրամ

Երևանի հեղեղատար համակարգի կարգավորման համար շուրջ 11 մլրդ դրամ է անհրաժեշտ։ Այդ մասին հուլիսի 28-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Գույքագրվել են քաղաքի այն հատվածները, որտեղ հեղեղատար համակարգեր գոյություն չունեն կամ ենթակա են վերակառուցման։ Մեր գնահատմամբ՝ մայրաքաղաքում ավելի քան 52 կմ երկարությամբ համակարգի վերակառուցման համար անհրաժեշտ է 10,9 մլրդ դրամի ներդրում»,- ասաց Արեյանը։
Նա անդրադարձավ նաև նախորդ շաբաթ Երևանում տեղացած հորդառատ անձրևին։ Արեյանի խոսքով՝ թեև տեղումներն այնքան ուժգին էին, որ անձրևատար և հեղեղատար համակարգերն այդ պահին չէին հասցնում հեռացնել ջուրը, սակայն որոշ ժամանակ անց փողոցները մաքրվել են։
Քաղաքապետի խորհրդականի դիտարկմամբ՝ խնդրահարույց է հատկապես Հաղթանակի կամուրջը, քանի որ անձրևատար համակարգն այնտեղ պատշաճ չի գործում։ Նա առաջնային է համարել այս հարցը մասնագետների հետ քննարկելը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կոյուղատար համակարգին զուգահեռ սկսվեն նաև անձրևատար ու հեղեղատար համակարգերի կառուցման և վերակառուցման աշխատանքները։
Կարդացեք նաև՝
Թեմա
Civilnet










