Գլխավոր Լրահոս

Մրցակցության թեժացումը վերադասավորել է հեռահաղորդակցության շուկան

Մրցակցության թեժացումը վերադասավորել է հեռահաղորդակցության շուկան

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի 4,1% աճի պայմաններում հիմնական խաղորդ ընկերությունների վճարած հարկերի ծավալն անցած տարի ավելացել է 11,4%-ով կամ մոտ Դ4 մլրդ-ով՝ կազմելով Դ38,8 մլրդ։ Հարկերի աճն ապահովել են հիմնականում երկու ընկերություններ՝ «Ղ-Տելեկոմը» և «Յուքոմը»։

Հենվելով Պետական եկամուտների կոմիտեի 1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալների վրա՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության թեժացումը որոշակի վերադասավորումների է հանգեցրել։ Այսպես՝ եթե բջջային հեռախոսակապի երկու օպերատորների՝ «ԱրմենՏելի» և «Օրանժ Արմենիայի» վճարած հարկերը կրճատվել են համապատասխանաբար 9,5%-ով և 8,1%-ով՝ կազմելով՝ Դ11,4 մլրդ և Դ2,8 մլրդ, ապա «Ղ-Տելեկոմի» հարկերի ծավալն աճել է 22,1%-ով՝ հասնելով Դ21,7 մլրդ-ի։

«ԱրմենՏելի» վճարած հարկերի ծավալի կրճատումը պայմանավորված է մրցակցությամբ, որը ծավալվում է բոլոր երեք սեգմենտներում, որտեղ ներկայացված է ընկերությունը՝ շարժական և անշարժ հեռախոսակապ, լայնաշերտ ինտերնետ։ Թե՛ շարժական հեռախոսակապի, թե՛ ինտերնետ հասանելիության սեգմենտներում թեժ մրցակցությունը ընկերությանը ստիպել է վերանայել սակագնային քաղաքականությունը, ինչը չէր կարող չանդրադառնալ հարկերի ծավալի վրա։ Ընդ որում՝ «ԱրմենՏելը» գնացել է նաև որոշակի կառուցվածքային փոփոխությունների՝ 2012թ. աշխատակիցների թիվը կրճատելով 280-ով։

Բջջային մյուս՝ «Օրանժ Արմենիա» օպերատորը անցած տարի, ընդհակառակը, ավելացրել է աշխատակիցների թիվը՝ 44-ով։ Անգամ այս պայմաններում ընկերության ուղղակի հարկերի (եկամտահարկ, շահութահարկ) ծավալը կրճատվել է Դ284 մլն-ով կամ 18%-ով։ Աշխատակիցների թվի աճի պայմաններում ուղղակի հարկերի նվազումը խոսում է այն մասին, որ անցած տարին ֆինանսական տեսակետից այդքան էլ հաջող չի եղել «Օրանժ Արմենիայի» համար։ Աշխատակիցների թվի ավելացման պայմաններում չի բացառվում աշխատավարձերի նվազման հանգամանքը, սակայն ընկերության կողմից վճարված պարտադիր սոցվճարների ծավալի մոտ երկու անգամ աճը ցույց է տալիս, որ աշխատավարձերի կրճատում տեղի չի ունեցել։

Երկու օպերատորների ֆինանսական ոչ այնքան հաջող տարին ուշադրություն է հրավիրում «Ղ-Տելեկոմի» վճարած հարկերի 22,1% աճի վրա։ Չի բացառվում, որ բջջային հեռախոսակապի շուկայում անցած տարի հաղթող է դուրս եկել «Ղ-Տելոկոմը», ինչի արդյունքում ընկերության ֆինանսական ցուցանիշների կտրուկ բարելավում է արձանագրվել։ Սակայն ընկերության վճարած հարկերի, աշխատակիցների թվի և ֆինանսական այլ ցուցանիշների միջև առկա են հակասություններ։

Այսպես՝ «Ղ-Տելեկոմի» 2012թ. երրորդ եռամսյակի (վերջին հասանելի տվյալներն են) ֆինհաշվետվությունից երևում է, որ ընկերության գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA), աճել է 4,8%-ով, և հասկանալի է, որ տարվա կտրվածքով այս ցուցանիշը էական փոփոխություն չի կրի։ Նման պայմաններում ընկերության կողմից վճարված ուղղակի հարկերն ավելացել են 53,5%-ով՝ կազմելով Դ10,75 մլրդ։ Աճն էլ ավելի անհասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք, որ անցած տարի «Ղ-Տելեկոմում» աշխատակիցների թիվը կրճատվել է 15-ով։ Ընդ որում՝ ընկերությունում տեղի չի ունեցել աշխատավարձերի աճ, որը կարող էր բերել եկամտահարկի ավելացման, ինչի մասին վկայում է պարտադիր սոցվճարների 4,4%-ով կրճատումը։

Աճ չվճարածի հաշվին

Ինտերնետ հասանելիության ծառայությունների սեգմենտում ընկերությունների ցանցերի ընդլայնումը և բաժանորդների թվի ավելացումը բերել է վճարված հարկերի ծավալի աճի։ Այս սեգմենտում ամենից շատ (մոտ 5 անգամ ավելի) հարկ վճարել է «Յուքոմը»՝ Դ1,7 մլրդ, ինչը, սակայն, չի արտացոլում շուկայում իրական զարգացումները։

Այսպես՝ 2009թ. կառավարությունը որոշում էր ընդունել երեք տարով հետաձգել «Յուքոմի» կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ի վճարումը։ Նախատեսված էր, որ ընկերությունն ընդհանուր առմամբ պետք է կատարեր Դ3,9 մլրդ-ի ներդրումներ, իսկ հետաձգված ԱԱՀ-ն վճարեր մինչև 2012թ. սեպտեմբերը։

«Յուքոմի» կողմից ըստ եռամսյակների վճարված հարկերի ծավալից երևում է, որ հետաձգված ԱԱՀ-ն վճարվել է անցած տարվա չորրորդ եռամսյակում։ 2012թ. ինն ամիսներին ընկերությունը վճարել է Դ567 մլն-ի հարկեր, միայն չորրորդ եռամսյակում՝ մոտ Դ1,2 մլրդ-ի։ Պարզ ասած՝ «Յուքոմի» կողմից անցած տարի 5 անգամ ավելի շատ վճարված հարկերի հիմնական մասը նախորդ երեք տարիներին չվճարած գումարներն են։

Անցած տարի ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայի աճն ավելի մեծ է եղել, քան բջջային հեռախոսակապինը, ինչը պայմանավորված է թափանցելիության աստիճանով։ Շուկայի ծավալային աճի արդյունքում մագիստրալային օպերատոր GNC Alfa-ի վճարած հարկերն ավելացել են 33,5%-ով՝ կազմելով Դ1 մլրդ, ինտերնետի մանրածախ շուկայում գործունեություն ծավալող «Արմենիան դեյթաքոմ քամփնի» (ADC) ընկերությանը՝ 78%-ով՝ մինչև Դ137 մլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում