«Աէրոֆլոտ»-ը կիբերհարձակման է ենթարկվել․ դեպի Երևան չվերթներ են չեղարկվել

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է, որ տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով չեղարկվել են դեպի Երևան և մի շարք այլ ուղղություններով չվերթներ։ Ըստ ընկերության, ընդհանուր առմամբ չեղարկվել է 49 չվերթ՝ դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ հաղորդումները՝ կապված «Աէրոֆլոտի» ենթակառուցվածքի դեմ իրականացված կիբերհարձակումների հետ, «բավականին մտահոգիչ են», և Կրեմլը սպասում է պարզաբանումների։
Պաշտոնական տվյալներով՝ տեղեկատվական համակարգերի խափանումը գրանցվել է հուլիսի 28-ին։ Կիբերհարձակման պատասխանատվությունը ստանձնել է Silent Crow անունով հաքերային խումբը։ Նրանց պնդմամբ՝ հարձակումը շարունակվել է շուրջ մեկ տարի, որի արդյունքում ոչնչացվել է մոտ 7000 սերվեր, իսկ ավելի քան 22 տերաբայթ տվյալներ հափշտակվել են։
Ըստ նախնական գնահատականների՝ հասցված վնասը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների։ «Աէրոֆլոտը» դեռևս չի արձագանքել այս պնդումներին։ Ռուսաստանի տրանսպորտի հսկիչ մարմինները, այդ թվում՝ դատախազությունը, վերահսկում են իրավիճակը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում։
Ավիափոխադրողը հայտնել է, որ ուղևորները կարող են վերադարձնել տոմսերի գումարը կամ անվճար տեղափոխել դրանք մինչև առաջիկա 10 օրում իրականացվելիք չվերթների վրա։ Ընկերությունը շեշտել է, որ հնարավոր են ծառայությունների ընդհատումներ մինչև խնդրի վերջնական կարգավորումը։
Թեմա
Civilnet










