Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի գործառույթները դադարեցվել են. տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին արտաքին գործերի նախարարությունից։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ պատվավոր հյուպատոսի գործառույթների դադարեցման պատճառը Սպարտակյանի անհամաձայնությունն է եղել Հայ առաքելական եկեղեցու հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը։
URA.RU–ի հետ զրույցում Սպարտակյանն ասել է․ «Ես անընդունելի եմ համարում Հայ առաքելական եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն»։ Անդրադառնալով Կարապետյանի կալանքին՝ նա ասել է, որ շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և ստեղծագործել։
Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում նշված է, որ պատվավոր հյուպատոսին իր պարտականությունները կատարելուց ազատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Թե ինչու են դադարեցվել Սպարտակյանի գործառույթները, նախարարությունից չմեկնաբանեցին։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնում դեռևս նշված է Նարեկ Սպարտակյանի անունը։
Civilnet











