Անցած տարի շինարարությունում աշխատանքների ծավալը շուկայական գներով նվազել է Դ35 մլրդ-ով, ինչը, սակայն, Ազգային վիճակագրական ծառայությանը չի խանգարել ոլորտում 0,2% աճ արձանագրել։
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2012թ. Հայաստանում շինարարության ծավալները շուկայական գներով կազմել են Դ469,7 մլրդ։ 2011թ. շուկայական գներով ոլորտի ծավալը Դ504,8 մլրդ է եղել։ Այս տվյալներից պարզ երևում է, որ իրականում տեղի է ունեցել ծավալների կրճատում։
Սակայն տնտեսության բոլոր հատվածներում աճ արձանագրելու համար ԱՎԾ-ին անցած տարի օգնության է եկել ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով «Գների ինդեքսը շինարարությունում»։ Ուշագրավ է, որ 2011թ. շինարարության գների վերաբերյալ տվյալները ԱՎԾ-ին տրամադրել էր ոչ թե քաղաքաշինության նախարարությունը (ինչպես 2010թ.), այլ էկոնոմիկայի։ 2012թ. այս գործառույթը ստանձնել է ֆինանսների նախարարությունը։ Երկու այդ նախարարություններն անցած երկու տարիների ընթացքում շինոլորտում արձանագրել են գնանկում՝ 2011թ. 3,5%-ի, 2012թ.՝ 2,5%-ի։ Նախարարությունների այս տվյալները վիճակագիրներին հնարավորություն են ապահովել 2012թ. շինարարության ծավալների կրճատման պայմաններում ոլորտում արձանագրել աճ։ Բանն այն է, որ ըստ մեթոդոլոգիայի՝ հաշվետու տարին բազայինի հետ համեմատելիս ծավալը հաշվարկվում է բազային տարվա գներով։
Սակայն հաշվի առնելով անգամ գնանկման գործոնը՝ շինարարությունում անցած տարի տարի աճ լիներ չէր կարող։ Ուստի չի բացառվում, որ հաշվարկներն իրականացնելիս վիճակագիրները գնանկման ավելի մեծ ցուցանիշ են օգտագործել։
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ անցած տարի պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել են Դ73,8 մլրդ-ի շինաշխատանքներ՝ 2011թ. Դ87 մլրդ-ի համեմատ։ Այդուհանդերձ, պետբյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը գումարային արտահայտությամբ աճել է 0,2%-ով։
Ավելին՝ վիճակագիրներն արձանագրել են, որ անցած տարի բնակչության միջոցների հաշվին իրականացվել է Դ96,7 մլրդ-ի շինարարություն, այն դեպքում, երբ 2011թ. այդ ծավալը Դ77 մլրդ էր։ Ոլորտի աճը կազմել է 26,7%։
Բնակչության կողմից կատարված շինարարության ծավալները հաշվարկը դժվար է, այստեղ մեծ է թվերի ուռճացման հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ շինոլորտում կատարված աշխատանքների ավելի քան 20%-ը բաժին է ընկնում բնակչության ֆինանսական միջոցներով կատարված շինարարությանը, և այս սեգմենտում նույնիսկ աննշան «հավելագրումների» միջոցով հնարավոր է ապահովել ընդհանուր ցուցանիշի աճ։
Ավելի դժվար է հավելագրումներ կատարել կազմակերպությունների կողմից կատարված շինարարությունում, քանի որ չհիմնավորված և ուռճացված տվյալներ ներկայացնելու դեպքում կազմակերպությունները կարող են խնդիրներ ունենալ հարկային ծառայության հետ։
Անցած տարի կազմակերպությունների միջոցներով իրականացվել են Դ231 մլրդ-ի շինաշխատանքներ՝ 2011թ. Դ252 մլրդ-ի դիմաց (ըստ ԱՎԾ-ի՝ ծավալը կրճատվել է 1,7%-ով)։ Կազմակերպություններին ընդհանուր առմամբ բաժին է ընկնում շինարարության մոտ կեսը, և արդյունաբերության, ծառայությունների ոլորտներում աճի, ինչպես նաև բնակչության եկամուտների ավելացման պայմաններում պարզապես անհասկանալի է անցած տարի նրանց կողմից շինոլորտում ներդրումների սահմանափակումը։
Civilnet











