Գլխավոր Լրահոս

ՀՀ տարածքային ամբողջականության հետ անհամատեղելի որևէ տրանսպորտային տարբերակ չի քննարկվում. Նազելի Բաղդասարյան

ՀՀ տարածքային ամբողջականության հետ անհամատեղելի որևէ տրանսպորտային տարբերակ չի քննարկվում. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում՝ արձագանքելով լրատվամիջոցների՝ պաշտոնյաների հայտարարություններում տեսած հակասություններին։

«Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք երբեմն ավելի են բարդանում որոշակի տերմիններով զուգորդվելու դեպքում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման իրավունք, արտապատվիրակում։ Տերմիններից յուրաքանչյուրն, անշուշտ, կարող է տարբեր իմաստ ունենալ՝ կապված այն բանի հետ, թե կոնկրետ ինչին է վերաբերում։

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիների համար խնդիրը թեթևացնելու նպատակով ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

Եվ, ընդհակառակը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն քննարկում է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների շահագործման տարբեր բանաձևեր, այլև շահագրգիռ է բանաձևերից որևէ մեկի շուրջ համաձայնության գալու հարցում։

ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձևերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձևեր, կառուցապատման իրավունքներ և այլն, որոնց մասին վարչապետ Փաշինյանը խոսել է հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում։

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է։ Ի դեպ, ավտոճանապարհների սպասարկումը, կառավարումը Հայաստանում այսօր ու միշտ էլ արտապատվիրակվում է մասնավոր ընկերությունների։ Այլ բան, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը։ Բայց սա քննարկվող թեմայի հետ կապ չունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղդասարյանը։

Նախօրեին ՍիվիլՆեթը «Պաշտոնյաների հակասական հայտարարությունները Մեղրիի ճանապարհի վերաբերյալ» վերտառությամբ հոդված էր հրապարակել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում