Օտարերկրյա վարորդական վկայականով ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները 3 ամիս չեն տուգանվի

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և չենթարկվել վարչական պատասախանատվության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը»,- նշված է հայտարարության մեջ։
Նախարարությունից հայտնում են, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։
Թեմա
Civilnet










