Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը Սնուփ Դոգի փոխարեն է Հայաստան գալիս։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստին հաստատված որոշումից, որը խմբագրվել է և «Snoop Dogg» բառերը փոխարինվել են «Ջենիֆեր Լոպես» բառերով:
Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Ծրագիրն իրականացնում է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն, որը դեռ 2023-ին պետությունից ստացել է 2 մլրդ 318 մլն դրամ՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Նոր համերգի համար պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում նախատեսված չէ։
Ըստ որոշման նախագծի, կազմակերպությունը պայմանագիր է կնքել Լոպեսի ներկայացուցիչների հետ, որի պատճենը ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Միջոցառման ավարտից հետո ընկերությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում ներկայացնել հաշվետվություն։
Կառավարության որոշման մեջ ընդգծվում է, որ նախագիծը մշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից և մաս է կազմում Հայաստանի մշակութային ռազմավարության, որի նպատակն է բարձրացնել երկրի միջազգային ճանաչելիությունը և խթանել մշակութային զբոսաշրջությունը։
Սնուփ Դոգի համերգը Երևանում նախատեսված էր 2023-ի սեպտեմբերին։ Համերգը չեղարկվեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և հայ բնակչության բռնի տեղահանման պատճառով։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ հետևողական քննարկումների արդյունքում, վերջինս ներկայացրել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր Աստղի անունը»,- ասված է կառավարության որոշման մեջ:
Civilnet











