31 տարվա ներկայությունից հետո «Առավոտ»-ը ստիպված է հեռանալ Մամուլի շենքից

Էլեն Մուրադյան
Պետգույքի կառավարման կոմիտեն «Առավոտ» օրաթերթին ծանուցել է սեղմ ժամկետներում ազատել Մամուլի շենքում գտնվող զբաղեցրած տարածքը։ Հիմնադրման օրվանից՝ 1994-ի օգոստոսի 2-ից, «Առավոտ»-ը Մամուլի շենքում է եղել։
«Առավոտ»-ը, որը հաճախ է հանդես գալիս կառավարության քննադատությամբ, դիմել է՝ վերակնքելու պայմանագիրը և շարունակել մնալ Մամուլի շենքում, սակայն մերժում է ստացել։ Պետգույքի կառավարման կոմիտեից ծանուցել են, որ 2013-ին կնքված պայմանագրի վերակնքումը հնարավոր չէ իրականացնել, քանի որ պայմանագիրը դադարեցվել է։ Կոմիտեից առաջարկել են սեղմ ժամկետներում ազատել Մամուլի շենքի 15-րդ հարկում գտնվող 327 քմ տարածքը։
Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ մերժումից հետո սկսել են իրերը հավաքել՝ համակարգիչներ, սերվերներ, արխիվային թերթեր և այլն։ Նրա կարծիքով՝ անիմաստ է պայքարելը։
«Անկեղծ ասած՝ հասկանում էինք, որ գուցե իմաստ էլ չունի նյարդեր քայքայել։ Մեր տարբեր գործընկերներ, տարբեր ժամանակներում, նույն փորձն ունեցել են, որոնք գտնվել են պետական ենթակայության ինչ-որ տարածքներում։ «Ազգ»-ը լինի, «Հրապարակ»-ը լինի, «Տեսակետ» լրատվականը լինի։ Իրենց փորձը ցույց է տալիս, որ ուղղակի անիմաստ է փորձել նյարդեր քայքայել, պայքարել, մեկ է՝ ի վերջո ստիպված են լինում դուրս գալ»,- ասաց Իսրայելյանը։
Աննա Իսրայելյանը շեշտում է, որ խորհրդային իշխանությունը Մամուլի շենքը հենց խմբագրությունների համար էր կառուցել: Ըստ նրա, հաջորդող բոլոր իշխանությունները, որքան էլ բարդ հարաբերություններ ունենային լրատվամիջոցների հետ, Մամուլի շենքի տարածքները թողնում էին խմբագրություններին։ Իսրայելյանը նաև նշում է, որ խորհրդային տարիներից հետո շենքում շատ քիչ բան է փոխվել, այն շատ անխնամ ու անբարեկարգ է։
«Ով եղել է մամուլի շենքում, պիտի հասկանա, որ դա այն տարածքը չէր, որի համար արժե բոցավառ կռիվ տալ»,- ասաց Իսրայելյանը՝ նշելով, որ իրենք սահմանված վարձավճարները միշտ վճարել են բարեխղճորեն՝ հավելելով, որ չկա չարիք՝ առանց բարիքի։
Իսրայելյանը կարծում է, որ այս գործընթացի արդյունքն այն է լինելու, որ մամուլի շենքը կորցնելու է մամուլին։
«Եթե որոշել են, որ կոմերցիոն հիմունքներով պետք է ինչ-որ աճուրդ հայտարարեն, ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ քիչ լրատվամիջոց կլինի, որ կկարողանա կոմերցիոն հիմունքներով որևէ ընկերության հետ աճուրդում հաղթել, ինձ դա քիչ իրատեսական է թվում»,- նշեց նա:
2019-ին Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել էր ProfEye Challenge նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում նախատեսվում էր վերափոխել Երևանի Մամուլի շենքի արտաքին տեսքը։ Այս հայտարարությունից վեց տարի է անցել, մամուլի շենքի արտաքին տեսքը դեռ չի փոխվել։
«Առավոտ»-ը նոր տարածք դեռ չի գտել։
Թեմա
Civilnet










