Գլխավոր Լրահոս

Չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ միջամտել Հրվ․ Կովկասի գործերին․ Բաղայի

Չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ միջամտել Հրվ․ Կովկասի գործերին․ Բաղայի

Բոլոր տարածաշրջանային պետությունները պետք է գնահատեն, որ չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարավային Կովկասի գործերին։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

«Նման միջամտությունները միայն կբարդացնեն իրավիճակը և չեն ծառայի տարածաշրջանի պետությունների շահերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը միշտ հնչեցրել ենք և շարունակելու ենք հետևել դրան»,- ասել է Բաղային։

Բաղայիի խոսքով, չնայած Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, այնուամենայնիվ պետք է զգույշ լինել։

«Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։ 

Բաղային հնարավոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին դրա ստորագրման համար նախապայմաններ ներկայացնել։ Ըստ բաղայիի, եթե կա կամք, միշտ էլ կա ճանապարհ, և ոչ մեկ ճանապարհ։ 

«Մենք հասկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության նախապատմությունը, ինչպես նաև այն բարդությունները, որոնք կարող են խոչընդոտել բանակցություններին և երկարացնել խաղաղության գործընթացը։ Բայց կարծում եմ՝ պետք է տեսնել դրական կողմը և լինել լավատես։ 

Դրականն այն է, որ կողմերին հաջողվել է մշակել խաղաղության պայմանագրի նախագիծ։ Գիտենք, որ դեռ որոշ ժամանակ է պետք այն վերջնականացնելու համար, սակայն այն փաստը, որ դուք արել եք դա, փաստաթղթի մեծ մասն արդեն համաձայնեցված է, և երկու պետություններն էլ, մեր պատկերացմամբ, պատրաստակամ են շարժվել այդ ուղղությամբ, ինքնին դրական ազդակ է»,- ասել է Բաղային։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Իրանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ խորացող հարաբերությունների վերաբերյալ, Բաղային նշել է, որ Իրանի համար կարևոր է, որ որևէ հարևան պետության հարաբերություններն այլ երկրների հետ չօգտագործվեն Իրանի դեմ։

«Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և բարելավել հարաբերությունները տարբեր պետությունների հետ։ Դա նորմալ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք։

Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։

Դա բխում է նաև միջազգային իրավունքի սկզբունքներից, որոնք արգելում են որևէ պետության տարածքի կամ հնարավորությունների օգտագործումը մեկ այլ պետության դեմ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ հասկանում է այս կարևոր սկզբունքը»,- ասել է Բաղային։ 

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում