Հսկիչներն արդեն ստուգում են իրականացնում տրանսպորտում․ փոխքաղաքապետ

Արդեն 2 օր է հսկիչները ստուգում են իրականացնում հանրային տրանսպորտում։ Այս մասին ասուլիսին հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Հսկիչները շրջում են և համապատասխան սարքավորումների միջոցով ստուգում են, թե քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրել է, թե ոչ։ Այն քաղաքացիները, որոնք անպատասխանատու վարքագիծ էին դրսևորում, այսուհետ ստիպված են լինելու պատասխանատու վարքագիծ դրսևորել»,- ասաց փոխքաղաքապետը։
Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունել է ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։
Օրենքը սահմանում է տուգանքների երեք հիմնական չափ, դրանք են․
- 10,000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։
- 15,000 դրամ՝ ուրիշի անձի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։ Սա ամենաբարձր տուգանքն է այս շարքում։
- 3,000 դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հավաստիացնում է՝ քաղաքային իշխանությունն գումարի հավաքագրման խնդիր չի ցանկանում լուծել տուգանքների տեսքով։
«Մենք ուղղակի ուզում ենք, որ քաղաքացիներն այն ուղեվարձը, որը նախատեսված է՝ ուղղակի դա վճարեն։ Հաճախ նկատում էի, որ մարդիկ QR ուղեթղթով մոտենում են, պահում են և այդ սարքը մերժում է, ասում են դե համակարգը չի աշխատում: Ես խնդրել էի, որպեսզի քաղաքացիներից խնդրեն այդ տոմսերը տան մեր աշխատակիցներին, որի խնդիրը պետք է որ չլինի: Չի եղել գեթ մեկ տոմս, որը նախապես օգտագործված չի եղել։ Այդ տոմսի վավերականության ժամկետն արդեն մի 10 օր առաջ ավարտված է եղել։ Այսինքն քաղաքացին էդ դեպքում իմիտացիա է ստեղծում, որ ինքն ուզում էր վճարեր՝ համակարգը չաշխատեց, մինչդեռ համակարգի հետ ամեն ինչ կարգին է։ Այս բոլոր դեպքերը մենք բացահայտելու հնարավորություն ունենք և շարունակաբար ունենալու ենք»,- ասաց փոխքաղաքապետը։
Թեմա
Civilnet










