Պուտինը «Արիության շքանշանով» է պարգևատրել Կրոկուսի ահաբեկչության ժամանակ զոհված ադրբեջանցուն

Նեյթ Օսթիլլեր, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Խիզախության շքանշանով» է պարգևատրել ադրբեջանցի Վուգար Հուսեյնովին, որը սպանվել է 2024-ի մարտին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում։
Հրամանագրում նշվում է, որ Հուսեյնովը պարգևատրվել է «քաղաքացիական պարտքը կատարելու ընթացքում դրսևորած խիզախության և անձնազոհության համար»։
Հարձակման ժամանակ Հուսեյնովը մի կնոջ կյանք է փրկել, երբ զինյալները ներխուժել են դահլիճ և սկսել կրակել։ Ականատեսները նաև պատմել են, որ Հուսեյնովը գործել է արագ և փորձել է պատնեշներ ստեղծել՝ պաշտպանելու մյուսներին։
Հուսեյնովն ու նրա կինը՝ ազգությամբ հայ Լիլիթ Իսրայելյանը, զոհվել են «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։
Դեպքի ժամանակ Հուսեյնովի և Իսրայելյանի համատեղ լուսանկարները լայն տարածում գտան սոցիալական ցանցերում․ շատերը նշում էին հայի և ադրբեջանցու հարաբերությունների բացառիկությունը, ինչպես նաև ցավ էին արտահայտում նրանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Հուսեյնովն ու Իսրայելյանը Ռուսաստանի քաղաքացի էին և, ըստ տեղեկությունների, հանդիպել էին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում համատեղ աշխատանքի ընթացքում։ Որդին 1,5 տարեկան էր, երբ ծնողները մահացան։
Պարգևատրումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների լարված փուլում, որը սրվել է 2024-ի դեկտեմբերին տեղի ունեցած AZAL-ի (Azerbaijan Airlines) օդանավի վթարից հետո, ինչի համար Բաքուն մեղադրում է Ռուսաստանի հակաօդային պաշտպանությանը։ Հարաբերությունների սրման մյուս պատճառը երկու ադրբեջանցիների սպանությունն էր, որը տեղի է ունեցավ 2025-ի հունիսին Եկատերինբուրգում ռուսաստանյան ոստիկանության իրականացրած գործողության ժամանակ։
Թեմա
Civilnet










