Գլխավոր Լրահոս

Հայաստանն այլ աչքերով

Հայաստանն այլ աչքերով

Շվեյցարացի Իվան Շաեռլին և ամերիկացի Քըրք Ուոլեսը որոշել են բնակություն հաստատել Հայաստանում: Իվանը մի քանի ամիս առաջ բացել է Green Bean սրճարանը, Քըրքն արդեն մեկուկես տարի է՝ աշխատում է հայաստանյան բնապահպանական ՀԿ-ներից մեկում: Ինչ են փնտրում և ինչ են գտել այստեղ օտարերկրացիները, և ինչպիսին է մեր հայրենիքը նրանց աչքերով:

Իվան Շաեռլի, Շվեյցարիա

Իմ անունը Իվան է, ես շվեյցարացի եմ, մասամբ՝ գերմանացի։ Կինս հայ է: Անցյալում երբեք չեմ ունեցել բիզնես կամ սրճարան, սակայն միշտ սիրել եմ համեղ ուտել: Ես ու կինս աշխատում էինք ֆինանսական հատվածում և մի օր որոշեցինք նոր բան փորձել՝ հոբբի, որը կարող է աշխատանք դառնալ:

Մենք ապրում ենք իսկապես շատ գեղեցիկ երկրում, որտեղ շատ լավ մարդիկ են և շատ համեղ ուտելիք։ Հայաստանում ակնհայտորեն տնտեսական խնդիրներ կան։ Մեզ համար հենց սկզբից շատ կարևոր էր գնալ հստակ, ճիշտ և հարյուր տոկոսով օրինական ճանապարհով։ Բնավ, չեմ ուզում ասել, որ Շվեյցարիան վատն է. այն ունի հզոր տնտեսություն, ուժեղ բնակչություն, սակայն շվեյցարացիները սկսել են զրոյից և ամեն օր աշխատում են՝ ձեռք բերածը պահպանելու համար։

Հայաստանում շատ բաներ ավելի հեշտ են, սակայն կան բաներ, որոնք հաստատ ավելի դժվար են։ Մինչև օրս մենք չենք ափսոսել այստեղ գալու համար։ Միշտ էլ կա տեղափոխվելու հնարավորությունը, սակայն դա չի նշանակում, որ մենք կմոռանանք Հայաստանը. այստեղ ունենք առանձնատուն և բնակարան։ Հիմա հաստատ հեռանալու մտադրություն չունենք, այս երկրում աճի պոտենցիալ ենք տեսնում:

Ինձ միանշանակորեն դուր է գալիս Հայաստանի ժողովուրդը։ Շվեյցարացիներն ավելի փակ են՝ ի տարբերություն հայերի, որոնք ավելի բարեհամբույր են: Գուցե դա պայմանավորված է կլիմայով:

Քիրք Ուոլես, ԱՄՆ

Ես աշխատում եմ Հայկական բնապահպանական ցանցում որպես ծրագրերի ղեկավար: Այստեղ հաստատվել եմ մոտ մեկուկես տարի առաջ: 21 տարի ուսուցիչ եմ աշխատել, դասավանդել եմ «Կառավարում և պատմություն» առարկան։ Մի պահ զգացի, որ հոգնել եմ այդ աշխատանքից։ 1990-ականներից կապի մեջ էի իմ նախկին ուսանող Ուրսուլա Ղազարյանի հետ, որը հիմնադրել և նախագահում է Հայկական բնապահպանական ցանցը: Նա ինձ խնդրեց գալ և օգնել իրեն՝ սկսելու այդ գործը, և ես եկա։

Հայաստանի մասին իմ գիտելիքներն ու պատկերացումները շատ սահմանափակ էին այդ պահին։ Գիտեի, որ այն նախկին խորհրդային հանրապետություն է, լսել էի նաև Ցեղասպանության մասին, սակայն գրեթե ոչինչ չգիտեի մշակույթի, լեզվի մասին։

Իմ առաջին տպավորությունը Հայաստանի մասին, իմ համոզմամբ, սխալ էր։ Առաջին տեսածս վայրը Հյուսիսային պողոտան էր, որը տեսնելով՝ մտածեցի. «Ես եկել եմ մասնակցելու զարգացման ծրագրերի, սակայն այստեղ, կարծես, շատ բան չունեմ անելու»։ Հետո այցելեցի գյուղեր, մարզեր և կարող եմ ասել, որ իսկական Հայաստանը Երևանից դուրս է: Այս ամբողջ ժամանակահատվածում հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, շփվել տարբեր կազմակերպությունների հետ և այս համագործակցության միջոցով ներգրավվել եմ այդ մարդկանց ու կառույցներին օգնելու գործում: Սկզբնապես սա ինձ համար մարտահրավեր էր և հնարավորություն, իսկ այժմ ես ինձ լավ եմ զգում՝ շփվելով մարդկանց հետ, որոնց հարգում եմ։

Կարծում եմ՝ յուրաքանչյուր ամերիկացի, այցելելով այլ երկրներ, սկսում է գնահատել այն ամենը, ինչ ունի իր երկրում, և հասկանալ՝ որքան հեշտ է այդ ամենը տրվում։ Ես սկսել եմ կյանքում արժևորել ամենապարզ բաները։ Հասկացել եմ, որ պիտի ապրեմ իմ խելքով, քրտնաջան աշխատանքով և նվիրվածությամբ, դրանցով եմ առաջնորդվում։ Հայաստանն ինձ տվեց նպատակ։

Հայերի մեջ գնահատում եմ նվիրվածությունն ընտանիքին, և այս առումով նրանք նման են ԱՄՆ-ում ապրող լատինամերիկացիներին։ Հայերի համար ընտանիքն առաջնահերթություն է։ Ես կասեի՝ նույնիսկ Երևանը նման է մեծ ընտանիքի. փողոցով քայլելիս կարելի է բազմաթիվ ծանոթների հանդիպել, և ինձ դուր է գալիս այս մթնոլորտը։

Հայաստանն ունի խնդիրներ. փակ սահմաններ, դեպի ծով ելքի բացակայություն, սահմանափակ ռեսուրսներ, և այս հարցերի լուծման համար երկարաժամկետ ռազմավարություն, լավ կառավարում է անհրաժեշտ։ Իմ կարծիքով՝ ապագայի վերաբերյալ հստակ տեսլական Հայաստանում այս պահին չկա։

Չգիտեմ՝ որտեղ կհայտնվեմ ապագայում, բայց կուզեի պահպանել կապերս Հայաստանի հետ։ Այստեղ գտած ընկերներիս ու ծանոթներիս չէի ցանկանա կորցնել։

Պատրաստել է Ստելլա Մեհրաբեկյանը

Տեսանյութը դիտեք այստեղ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում