Տիգրան Գրիգորյան
Օգոստոսի 5-ին ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X-ի իր էջում հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ «Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել էր Ռաուֆօղլուն։ Արդեն այսօր Ռաուֆօղլուն նոր մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ տեղի կունենան Թրամփ-Փաշինյան և Թրամփ-Ալիև երկկողմ հանդիպումներ, որից հետո եռակողմ հանդիպման ընթացքում առաջնորդները համատեղ հայտարարություն կտարածեն։
Հայաստանի կառավարությունը, ի պատասխան լրագրողական հարցումների, այս տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է։ Սա նշանակում է, որ վաշինգտոնյան հանդիպումները ամենայն հավանականությամբ տեղի կունենան։
Քանի որ հնարավոր բանակցությունների վերաբերյալ շատ տեղեկություններ այս փուլում չկան, դրանց արդյունքներին հետագայում անդրադարձ կկատարենք։ Խոսքը ամենայն հավանականությամբ խորհրդանշական քայլի մասին է, որը Թրամփի վարչակազմին անհրաժեշտ է քարոզչական նպատակների համար։
Այնուամենայնիվ, եթե այդ հանդիպումները տեղի ունենան, դրանք կլինեն Փաշինյանի առաջին պաշտոնական շփումները ԱՄՆ նոր նախագահի հետ։ Եվ ինչպես վերջին ամիսների փորձն է ցույց տվել, Թրամփի հետ հանդիպումներից առաջ անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանք կատարել՝ հաշվի առնելով ինչպես ԱՄՆ նախագահի անձնական առանձնահատկությունները, այնպես էլ նոր վարչակազմի կողմից օգտագործվող բառամթերքը, գաղափախարախոսական կաղապարներն ու արտաքին քաղաքականության ոճը։
Նախապատրաստական այդ աշխատանքը կատարում են նույնիսկ աշխարհի ամենաազդեցիկ պետությունների ղեկավարները։ Այսպես, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փետրվարին այցելեց Սպիտակ տուն, նա հանդիպման ընթացքում թագավոր Չարլզ Երրորդի անունից Թրամփին նամակ հանձնեց՝ նրան հրավիրելով երկրորդ պետական այցը կատարելու Միացյալ Թագավորություն։ Սթարմերը նշեց․ «Սա իսկապես առանձնահատուկ բան է։ Նման բան երբեք չի եղել, սա աննախադեպ է, և կարծում եմ՝ պարզապես խորհրդանշում է մեր հարաբերությունների ամրությունը։ Այս նամակը շատ առանձնահատուկ է»։
Այս և բազմաթիվ այլ օրինակներ ցույց են տալիս, որ Թրամփի էգոն շոյող ժեստերը ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների կառուցման կարևորագույն բաղադրիչն են դարձել։ Դա, ի դեպ, շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում։ Իլհամ Ալիևը բոլորովին վերջերս «Շուշիի գլոբալ ֆորումի» ընթացքում իր հարցուպատասխանի ընթացքում գովասանք էր հնչեցրել Թրամփի վերաբերյալ՝ նաև սուր քննադատության ենթարկելով նրա քաղաքական հակառակորդներին։ Ալիևի խոսքի այդ հատվածը արժանացել էր Թրամփի ուշադրությանը, որը այն տարածել էր իր սոցիալական հարթակում։
Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը պետք է Ալիևի ոճով միջամտի ԱՄՆ ներքաղաքական գործընթացներին, բայց Թրամփի հետ հնարավոր հանդիպման ընթացքում այդ հաճոյախոսական բաղադրիչից դժվար է լինելու խուսափել։
Այդ առումով հանդիպման կայացման պարագայում կարելի է, օրինակ, ԱՄՆ նախագահին շնորհել Փառքի շքանշանը, որը շնորհվում է «միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար»:
Այդ շքանշանին մինչ այսօր արժանացել է վեց գործիչ, որոնց թվում են Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Իտալիայի նախկին նախագահ Սերջո Մատարելլան։
Շքանշանը Թրամփին շնորհելիս՝ կարելի է շեշտել, որ նա ամերիկացի առաջին գործիչն է, որն արժանանում է այդ պատվին։ Կարելի է նաև ընդգծել Թրամփի աննախադեպ միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում՝ նշելով, որ միմիայն նրա անձնական ջանքերի շնորհիվ են կողմերը մոտ խաղաղության, և միայն իր վարչակազմի օրոք էր հնարավոր այդպիսի «պատմական հանդիպման» կայացումը։
Հաճոյախոսական այս ոճը սակայն ամենևին չի նշանակում, որ բովանդակային առումով պետք է գնալ զիջումների։ Ընդհակառակը, այդ ֆոնը շատ հաճախ տարբեր առաջնորդների թույլ է տալիս իրենց երկրների համար բարենպաստ պայմաններ բանակցել Թրամփի վարչակազմի հետ։ Պետք է նաև օգտագործել այն հանգամանքը, որ ինչպես նախագահ Թրամփը, այնպես էլ իր վարչակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք վերջերս սկսել են զբաղվել հայ-ադրբեջանական թեմայով, մակերեսային պատկերացումներ ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Թրամփի հետ հանդիպումը հրաշալի հնարավորություն է սեփական դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացնելու համար՝ մասնավորապես, ապաշրջափակման գործընթացում, որում կա ամերիկյան մեծ հետաքրքրվածություն։
Ադրբեջանը վերջին շրջանի ամերիկյան առաջարկների վերաբերյալ մեծ խանդավառություն չի ցուցաբերում և կարծես փորձում է դրանք տապալել Հայաստանի միջոցով։ Այդ առումով հանդիպումը լավ հնարավորություն է ապաշրջափակման տարբեր բաղադրիչների և սկզբունքների կարևորությունը բացատրելու համար՝ ընդգծելով, օրինակ, ինչպես փոխադարձության սկզբունքի կիրառման, այնպես էլ տարածաշրջանային բոլոր կապուղիների ամբողջական վերագործարկման անհրաժեշտությունը։
Երկրորդ կարևոր հանգամանքը, որը պետք է հաշվի առնել Թրամփի հետ շփումներում, նոր վարչակազմի գաղափարական ուղղվածությունն է։ Այս տարվա փետրվարին վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում ելույթ էր ունեցել Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, որի ընթացքում շեշտը դրել էր Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացի վրա։ Սա նոր վարչակազմի համար ընկալելի խոսույթ չէ։ Այն պետք է փոխարինել ավելի պրակտիկ ու պրագմատիկ պատումներով, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել նոր վարչակազմի մոտ։
ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը գործարքային (տրանզակցիոն) է բնույթով և առաջին հերթին նպատակ է հետապնդում պաշտպանել Միացյալ Նահանգների տնտեսական ու էներգետիկ շահերը աշխարհում։ Այդ առումով Թրամփի հետ հանդիպումը լավ հնարավորություն է արագացնելու հայ-ամերիկյան օրակարգում արդեն իսկ առկա գործընթացները։ Այդպիսի հարցերից է, օրինակ, միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը։
Վաշինգտոնյան հնարավոր հանդիպումները, մեծ հաշվով, յուրօրինակ մրցակցություն են լինելու Փաշինյանի ու Ալիևի միջև Թրամփի մոտ հայ-ադրբեջանական հակամարտության և բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ պատկերացումներ ձևավորելու համար։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով պայմանավորված՝ Ալիևն այս մրցակցության մեջ որոշակի առավելություններ ունի։ Այդ իսկ պատճառով հայկական կողմը հնարավոր այս բանակցություններին պետք է ավելի պատրաստված մասնակցի՝ օգտագործելով հնարավորությունը ոչ միայն Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների դինամիկան բարելավելու, այլև խաղաղ գործընթացում Երևանի համար ընդունելի առաջընթացի հասնելու համար։
Տիգրան Գրիգորյան











