ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Մոսկվա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուիթքոֆին օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ օգոստոսի 9-ին, եթե մինչ այդ չհաջողվի հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է խուսափել ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից պատժամիջոցներից, Թրամփը պատասխանել է, որ դրա համար «պետք է կնքվի մի գործարք, որը կկանխի մարդկանց մահը»։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանի մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ։ Հուլիսի 29-ին Թրամփը հայտարարեց, որ որոշել է կրճատել այս ժամկետը մինչև 10 օր։ Օգոստոսի 5-ին Թրամփը նշեց, որ Միացյալ Նահանգները հետագայում կորոշի՝ կիրառել վերոնշյալ ներմուծման մաքսատուրքերը, թե ոչ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների հետագա քայլերը կախված կլինեն ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների արդյունքից։
Civilnet










