Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացրել է, որ Իրանն անտարբեր չի մնալու «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկման փորձերի հանդեպ, եթե այն սպառնա Իրանի կամ տարածաշրջանի շահերին։
Սոցիալական ցանցերում արված գրառմամբ Վելայաթին արձագանքել է այդ ծրագրի շուրջ «նոր ակտիվությանը»՝ հայտարարելով, որ Հարավային Կովկասում ուժով աշխարհաքաղաքական փոփոխություններ կատարելու որևէ փորձ կարժանանա Իրանի խիստ արձագանքին։
«Իրանն անտարբեր չէ ո՛չ իր շահերի, ո՛չ էլ տարածաշրջանի կայունության նկատմամբ։ Ցանկացած երկիր՝ լինի տարածաշրջանից, թե դրա սահմաններից դուրս, եթե փորձի կրկնել նախկինում արդեն ձախողված քայլերը, կբախվի մեր վճռական արձագանքին»,- գրել է նա։
Tehran Times-ը գրում է, որ «այդ տարածքը [Սյունիքի հարավային հատվածը - խմբ.] դարեր շարունակ սահմանակցում է Իրանին։ Եթե այդ միջանցքը իրագործվի, այն, ըստ փորձագետների, կգործի ոչ թե որպես սովորական տրանսպորտային ուղի, այլ Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության ներքո՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին»։
Civilnet











