Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հայտարարել է, որ ավարտում է կարիերան հավաքականում։ Ֆուտբոլիստի խնդրանքով իր որոշումը հրապարակել է սպորտային մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը։
Հարոյանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում: Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, քանր, որ դա դուք ինքներդ եք տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու»,- հայտարարել է Հարոյանը:
Հարոյանի որոշման պատճառը հավաքականի նորանշանակ մարզչի հետ չստացված համագործակցությունն է։
«Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ»,- հայտարարել է Հարոյանը:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել Եղիշե Մելիքյանը։
Civilnet











