Այթան Ֆարհադովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են արևելյան սահմանային կետում երկաթուղային տերմինալի և սահմանային կամուրջների կառուցման աշխատանքների արագացման հարցը։
Քննարկումները տեղի են ունեցել օգոստոսի 7-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի միջև՝ Թուրքմենստանի Ավազա քաղաքում ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովը:
Երկու պաշտոնյաները շեշտը դրել են իրենց արևելյան սահմանի Աստարա քաղաքում իրականացվող նախագծերի վրա։ Այնտեղ Ադրբեջանն ու Իրանը 2017-ին համաձայնության են եկել երկաթուղային տերմինալ կառուցելու շուրջ։ Շինարարությունը պետք է իրականացներ «Ադրբեջանի երկաթուղիները»՝ Իրանի կառավարությունից 25 տարի ժամկետով վարձակալած հողատարածքի վրա, գրում է ադրեբջանական իշխանամերձ Report կայքը։
Ըստ լրատվամիջոցի՝ տերմինալի նախագծային աշխատանքների 90%-ը և շինարարական աշխատանքների 75%-ն ավարտվել են։
Իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ Մուստաֆաևը համաձայնել է մոտ ապագայում այցելել Աստարա՝ տեղում համատեղ նախագծերի ներկայիս վիճակը քննարկելու համար։
Հունվարին «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Ռովշան Ռուստամովը հանդիպել էր Իրանի երկաթուղային ընկերության ղեկավար Ջաբար Ալի Զաքարի Սարդրուդիի հետ՝ Աստարայի բեռնատար տերմինալների միջոցով «ավելի արագ և արդյունավետ բեռնափոխադրումների» կազմակերպման հարցերը քննարկելու համար։
Հանդիպման ընթացքում նրանք ստորագրել էին փաստաթուղթ, որը ներառում էր Իրանի կողմից տերմինալի հաստատումը՝ նշելով, որ դրա վրա աշխատանքները կավարտվեն մինչև 2025-ի վերջը։
Civilnet











