Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները Սպիտակ տանը․ հիմնական արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները Սպիտակ տանը․ հիմնական արդյունքները


Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որոնց արդյունքում ստորագրվեցին մի շարք երկկողմ և եռակողմ փաստաթղթեր։ Այդ առումով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքները Հայաստանի և Ադրբեջանի համար պետք է դիտարկել ինչպես Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի տեսանկյունից։ 

Ակնհայտ էր, որ Ադրբեջանի համար վաշինգտոնյան բանակցությունները կարևոր էին առաջին հերթին ԱՄՆ հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից։ Պատահական չէ, որ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը իր խոսքում հիմնական շեշտը դրեց հենց երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի վրա։ Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո Ալիևը խոսում էր ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին։ 

Վաշինգտոնում Ադրբեջանն ու Միացյալ Նահագները մեկնարկ տվեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման գործընթացին։ Թրամփը նաև դադարեցրեց «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը, ինչը դարձյալ հնարավորություն է Բաքվի և Վաշինգտոնի ռազմատեխնիկական և այլ տեսակի համագործակցության համար։ Կարևոր է արձանագրել, որ առանց այդ եռակողմ հանդիպման և կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների ադրբեջանա-ամերիկյան երկկողմ օրակարգում այս առաջընթացը դժվար թե հնարավոր լիներ։ 

Վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում երեք երկկողմ հուշագիր ստորագրվեց նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ ՀՀ Կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի զարգացման, էներգետիկ և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Այս հուշագրերը բխում են դեռևս հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայի դրույթներից։ Այդ առումով, կարևոր է, որ ամերիկյան նոր վարչակազմը այդ փաստաթուղթը ևս օրակարգային է համարում։ 

Հայ-ադրբեջանական բանակցությունների ձևաչափում ձեռք բերված պայմանավորվությունները և դրանց արդյունքները շատ ավելի ոչ միանշանակ են։ Նախ, կողմերը համաձայնության են եկել նախաստորագրել խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստը։ Սա ինքնին դժվար է մեծ ձեռքբերում համարել։ Նախաստորագրելու վերաբերյալ բանակցություններ տեղի էին ունեցել նաև շաբաթներ առաջ՝ Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների ընթացքում։ Այդ առումով, նախաստորագրման նշանակությունը, կարծես թե, ուռճացվում է՝ փիառ նպատակների համար։ 

Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման համարել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջը Ալիևը հնչեցրել է նաև վաշինգտոնյան բանակցություններից անմիջապես հետո։ Հատկանշնական է, որ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ստորագրված հռչակագրում ևս կա ակնարկ այդ մասին․ «Ըստ այդմ, մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը»։ Այսքանով հանդերձ, Սպիտակ տանը նույնիսկ սիմվոլիկ բնույթի փաստաթղթի ստորագրումը ինչ-որ չափով կկայունացնի իրավիճակը և կնվազեցնի ռազմական էսկալացիայի հավանականությունը տարածաշրջանում։ 

Վաշինգոտնյան բանակցությունների ընթացքում արձանագրված մեկ այլ արդյունքը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ստորագրած համատեղ դիմումն էր՝ ուղղված ԵԱՀԿ-ին՝ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ։ Հայաստանը, ինչպես հայտնի է, սկզբունքորեն դեմ չէր Մինսկի խմբի լուծարմանը, սակայն պնդում էր, որ պատրաստ է գնալ այդ քայլին խաղաղության պայմանագրի ստորագրման օրը։ Այդ առումով այս պարագայում ևս գործ ունենք նախանշված դիրքորոշումից հերթական հետքայլի հետ։ ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կպնդեն, որ վաշինգոտնյան համաձայնությունները արդեն իսկ բավարար էին Մինսկի խմբի լուծարման հետ կապված իրենց մտահոգությունները փարատելու համար։ 

Ստորագրված եռակողմ հռչակագրի ամենաառանցքային կետերը վերաբերում էին ապաշրջափակման գործընթացին։ Փաստաթղթի երրորդ կետում, մասնավորապես, նշվում է․ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

Եթե համեմատենք հռչակգրի տեքստի այս հատվածը 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության 9-րդ կետի հետ, ապա այն ավելի նպաստավոր է Հայաստանի համար այն տեսանկյունից, որ հիշատակվում են ապաշրջափակման հիմքում ընկած սկզբունքները՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։ Փոխադարձության սկզբունքի հիշատակումը ավելի լղոզված է և տարընթերցումների տեղ է թողնում։ Ավելի մտահոգիչ է, որ նոյեյմբերի 9-ի հայտարարությունից այս հռչակգրի տեքստ է տեղափոխվելլ «անխոչընդոտ հաղորդակցություն» եզրույթը։ Կողմերը վերջին տարիներին այդ ձևակերպման վերաբերյալ տրամագծորեն տարբերվող մեկնաբանություններ էին տալիս, և այդ ռիսկն առկա է նաև այս նոր փաստաթղթի պարագայում։ 

Հռչակագրի չորրորդ կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Այս և նախորդ կետի կիրառման գործնական ասպեկտները հասկանալու համար անհրաժեշտ է տիրապետել այս հարցով հայ-ամերիկյան պայմանավորվածության մանրամասներին։ Մասնավորապես, կարևոր է հասկանալ, թե ով է գործնականում ապահովելու անվտանգությունը Մեղրիի կապուղու վրա, ովքեր և ինչպես են իրականացնելու սահմանային ու մաքսային ստուգումները և նմանատիպ շատ հարցեր։ Նիկոլ Փաշինյանը բանակցություններից հետո կայացած իր ասուլիսում հաստատեց, որ դետալների վերաբերյալ համաձայնություն այս փուլում դեռևս չկա։ Նա նաև չբացառեց, որ Մեղրիի կապուղու վրա անվտանգության ապահովմամբ կարող է զբաղվել մասնավոր պահնորդական ընկերություն՝ որպես օրինակ բերելով Զվարթնոց օդանավակայանը, որը ունի սեփական անվտանգության ծառայությունը։ 

Եթե Հայաստանի տարածքում ադրբեջանական բեռների և ուղևորների անվտանգության ապահավումը արտապատվիրակվի մասնավոր պահնորդական ընկերության, ապա անիմաստ է լինելու խոսել փոխադարձության սկզբունքի կամ փոխադարձ առավելությունների մասին։ Որևէ իրական հավանականություն չկա, որ Ադրբեջանը երբևէ կհամաձայնի նմանատիպ կարգավորումների սեփական տարածքում։ 

Ընդհանուր առմամբ, այս պայմանավորվածությունների կարևորության աստիճանը կախված է լինելու նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում զարգացումներից։ Վերջին շաբաթների ընթացքում թուրք պաշտոնյաները ակնարկում էին, որ Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ևս կարող է հիմք դառնալ հայ-թուրքական գործընթացում առաջընթացի համար։ Եթե մոտակա ամիսների ընթացքում այդպիսի զարգացումներ լինեն, դրանք կարելի կլինի վաշինգտոնյան գործընթացի գլխավոր ձեռքբերումներից համարել։ 

Հայաստանի տեսանկյունից վաշինգտոնյան պայմանավորվածությունները կարևոր են առաջին հերթին հնարավոր էսկալացիայի ռիսկերը կառավարելու համար։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս գործընթացում, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը ինչ-որ չափով նպաստելու են իրավիճակի կայունացամանը տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, շատ բան կախված է լինելու նաև ԱՄՆ ներգրավվածության աստիճանից ու շարունակականությունից, ապաշրջափակման վերաբերյալ գործնական պայմանավորվածություններից ու դրանց դետալներից, ինչպես նաև տարածաշրջանային դերակատարների հնարավոր հակազդեցությունից։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում