Իրանը կկանխի ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասի տարածաշրջանում՝ անկախ նրանից Մոսկվան կմիանա Թեհրանին, թե ոչ։ Այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Պատասխանելով Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհն ԱՄՆ-ին 99 տարով վարձակալության հանձնելու համաձայնության մասին հարցին, Վելայաթին ասել է.
«Այդ միջանցքը կդառնա Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոցը, ոչ թե ճանապարհ, որը կսեփականացնի ԱՄՆ նախագահը»։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը համաշխարհային առումով ամենազգայուն տարածաշրջաններից է, և Իրանը մշտապես դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ համարելով, որ այն կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, նոր սահմաններ կգծի և կհանգեցնի Հայաստանի մասնատմանը։ Նա նաև նշել է, որ այդ ծրագրին կտրականապես դեմ են հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։
Վելայաթին հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր անցած այցերի ընթացքում Թեհրանում հստակ հայտարարել է միջանցքի ծրագրի վտանգների մասին՝ ընդգծելով իր դիրքորոշման համընկնումն Իրանի հետ։
Իրանի նախկին արտգործնախարարը զգուշացրել է, որ միջանցքի իրագործումը կարող է վտանգել ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությունը։ «Ուստի, Իրանը շարունակելու է պաշտպանել տարածաշրջանի անվտանգությունը՝ լինի Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանն էլ ռազմավարական առումով դեմ է այդ միջանցքին», - ասել է Վելայաթին։
Նրա ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքը» պարզապես առևտրային ճանապարհ չէ, այլ՝ քաղաքական սադրանք Իրանի և այլ հարևան երկրների դեմ։ «Թուրքիայից բացի, որն անդամ է ՆԱՏՕ-ի, այլ ՆԱՏՕ-ական երկրներն էլ ցանկանում են տեղակայվել այս տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ն ուզում է նզովքի պես խրվել Իրանի և Ռուսաստանի միջև, բայց Իրանը դա չի թույլատրի», - հավելել է նա։
Վելայաթին նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս զգուշացրել է, որ Մոսկվան կարձագանքի, եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին։ «Մենք էլ կկանխենք ՆԱՏՕ-ի մերձեցումը մեր հյուսիսային սահմաններին։ Մենք հավատում ենք, որ կանխարգելումը ավելի լավ է, քան բուժումը», - ասել է նա։
Նա հավելել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար միջանցքի կարիք չկա, և որ Իրանի տարածքն արդեն կարող է օգտագործվել այդ նպատակի համար։
«Տարածաշրջանի քաղաքական հավասարակշռությունները և պայմանավորվածությունները չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կազդի նաև Իրանի սահմանների վրա։ Ուստի մենք իրավունք ունենք վճռականորեն պաշտպանելու մեր շահերը», - ընդգծել է Վելայաթին։
Civilnet











