Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը Ղազախստանի իր գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումին։ Քննարկվել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Ղազախստանի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերման կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել գործընթացին։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները և համակարծիք են եղել, որ դրանք դրական արձագանք կստանան երկու երկրների ներդրողների շրջանում։
Նիկոլ Փաշինյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։
Civilnet











