Գլխավոր Լրահոս

«Թրամփի ուղին» ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն. էկոնոմիկայի նախարար

«Թրամփի ուղին» ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն. էկոնոմիկայի նախարար

Ամերիկյան մասնավոր և կիսապետական հատվածի ներկայացուցիչներ մոտ ապագայում կժամանեն Հայաստան՝ տեղում գնահատելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում նախատեսվող լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսին» տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մանրամասնելով վարչապետի վաշինգտոնյան այցի տնտեսական արդյունքները։

Նախարարի խոսքով՝ սպասվող այցն ուղղակի հետևանքն է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնք վերաբերում են Հայաստանի, մասնավորապես՝ հարավային շրջանների տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների զարգացմանը, որը ստացել է «Թրամփի ուղի» անվանումը:

«Ամերիկյան շրջանակներից ներկայացուցիչներ արդեն գալու են Հայաստան, որպեսզի սահմանեն և համապատասխան հետազոտությունների արդյունքներով բացահայտեն այդ հնարավորությունները», - նշել է Պապոյանը՝ հավելելով, որ ներդրումների կոնկրետ ծավալների և աղբյուրների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ ուսումնասիրությունների ավարտից հետո։

Ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահներ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի ստորագրած հռչակագրի կարևորագույն բաղադրիչներից է Սյունիքի մարզով տրանսպորտային ուղու ստեղծումը։ Այն նպատակ ունի ապահովելու «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար ստեղծելով «միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ»։

Չնայած պաշտոնական պարզաբանումներին, թե նշված ուղին գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, հռչակագրում «անխոչընդոտ հաղորդակցություն» դրույթի առկայությունը (դրույթ, որը պարունակվում էր նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ) առիթ է տվել ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակներին՝ այն մեկնաբանելու որպես ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման պաշտոնական Երևանի համաձայնություն։

Ըստ Դոնալդ Թրամփի հայտարարության՝ Հայաստանը պարտավորվել է 99 տարի ժամկետով բացառիկ իրավունքներ տրամադրել Միացյալ Նահանգներին՝ «Թրամփի ուղի» անվանումը կրող տրանսպորտային ճանապարհի զարգացման և կառավարման համար։

Ի՞նչ է արվել մինչ ամերիկյան կողմի ներգրավումը

Մինչ ամերիկյան կողմի ներգրավումը, ըստ նախարար Գևորգ Պապոյանի, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախնական աշխատանքներ է իրականացրել միջազգային խորհրդատվական ընկերությունների հետ։ 

Մասնավորապես, ամերիկյան Tetra Tech խորհրդատվական ընկերությունը, Պապոյանի խոսքով, մանրամասն տեղեկանք է տրամադրել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Զուգահեռաբար, մեկ այլ միջազգային խորհրդատվական ընկերություն՝ McKinsey-ի և Համաշխարհային բանկի հետ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ՝ իրականացնելու տեխնիկատնտեսական հստակ հաշվարկներ։

«Խոսքը (խմբ. - Սյունիքով անցնող երկոթուղու) տեխնիկատնտեսական հաշվարկների մասին է, այսինքն, քանի միլիոն տոննա բեռ պետք է անցնի, ինչ ներդրում պետք է արվի և դրանից Հայաստանն ինչ եկամուտներ կունենա», - ընդգծել է նախարարը։

Տարածաշրջանային համատեքստ և անվտանգության գործոն

Պապոյանը Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության աճը պայմանավորում է գլոբալ լոգիստիկ շղթաներում Հարավային Կովկասի դերի կտրուկ մեծացմամբ։ Որպես օրինակ նա մատնացույց է անում իրանա-իսրայելական վերջին պատերազմի ընթացքում օդային թռիչքների իրավիճակը, երբ Եվրոպայից Ասիա տանող օդային երթուղիների զգալի մասը անցնում էր Հարավային Կովկասի վրայով։

Նրա համոզմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության և մերձավորարևելյան անկայունության պայմաններում գերտերությունները և միջազգային խոշոր ընկերությունները փնտրում են այլընտրանքային, անվտանգ առևտրային ուղիներ։ «Մեծ բեռներ կան, որոնք պետք է Չինաստանից, Միջին Ասիայով, Հարավային Կովկասով գնան դեպի Եվրոպա և հակառակը», - նկատում է նախարարը։

Էկոնոմիկայի նախարարը հատուկ ընդգծում է, որ այս նախագծերը Հայաստանի համար ունեն ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային կարևոր նշանակություն։ Եթե միլիոնավոր տոննաներով բեռներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից կամ Ֆրանսիայից դեպի Չինաստան և հակառակ ուղղությամբ փոխադրվեն Հայաստանի տարածքով, ապա այդ գործընթացում ներգրավված պետություններն ու բազմամիլիարդանոց կորպորացիաները, ըստ Պապոյանի, շահագրգռված կլինեն տարածաշրջանում կայունության պահպանմամբ։

«Ես չեմ կարծում, որ նրանց ձեռք կտա, որ Հայաստանն ու Ադրբեջանը կամ Հարավային Կովկասի որևէ երկիր ունենա կոնֆլիկտ, որի արդյունքում այդ առևտրային ճանապարհը կփակվի։ Շատ կարևոր է, որ մենք գործոն դառնանք այս միջազգային մեծ հաղորդակցության մեջ և դրանով նվազեցնենք անվտանգային ռիսկերը», - եզրափակել է Գևորգ Պապոյանը։

Պատրաստեց Արշալույս Մղդեսյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում