Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի գաղտնազերծված տեքստը քննադատական կրակահերթերի տակ է հայտնվել, բայց այս անգամ՝ միանգամայն այլ պատճառով։ Եթե նախկինում շատ-շատերն այն քննադատում էին անվստահության, անտեղյակության և այլ պատճառներով՝ կասկածելով, որ դրանում վտանգավոր ձևակերպումներ կան, այժմ դժգոհ են առավելապես անհրաժեշտ ձևակերպումների բացակայությունից։
Հարցադրումներն այս անգամ հակառակ ուղղությամբ են։ Ինչո՞ւ չկա արցախցիների իրավունքների մասին հիշատակում, գերիների ազատ արձակման մասին դրույթ, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերման պահանջ։ Բոլորն էլ լեգիտիմ հարցեր են, որոնք կարող են և պետք է հնչեն։ Դրանք անգամ կարող են դրվել բանակցություններում. քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Բայց դնելը քիչ է, դրանք պետք է սպասարկել՝ ցանկալի է հիմնականում այդ հարցերը բարձրացնողի ուժերով:
Երբեմն հանրային տիրույթում այնպիսի համառությամբ է առաջ տարվում «բա Ադրբեջանն ի՞նչ է զիջում» թեզը, կարծես 2020-ի ցավալի պարտությունն ու 2023-ի հայրենազրկումը չի եղել: Տպավորություն է, որ մինչ 2020-ի Հայաստանում ենք ապրում: Հոգեբանները երևի կփաստեն՝ ուղեղը հաճախ արգելափակում է տրավմատիկ հիշողությունները, իսկ մենք չորս-հինգ տարի է՝ չընդհատվող տրավմաների շրջապտույտում ենք:
Բայց եթե խոսենք չոր իրողություններից, ապա սա դեռ միայն նախաստորագրված, անորոշ ճակատագրով մի փաստաթուղթ է: Պարզ էլ չէ` վերջնականապես կստորագրվի, թե ոչ, քանի որ պատմությունն ուղղակի ստիպում է հիշել՝ քանի՞ հաջողությամբ նախաստորագրված փաստաթղթեր չեն գոյատևել մինչև ստորագրումը: Հեռու պետք չէ գնալ` Հայաստանն ու Թուրքիան 2009-ին նախաստորագրել են միանգամից երկու` դիվանագատիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման արձանագրություն: Ու ի՞նչ: Ճիշտ է, ոչինչ:
Ուստի անորոշ ճակատագրով այս փաստաթուղթը ոչ այնքան խաղաղության, որքան իրավիճակի կայունացման կամ կառավարման մասին է։ Անշուշտ, սա քայլ է դեպի խաղաղություն, բայց ոչ լիարժեք հաշտեցում։ Պայմանագրի տեքստն ինքն է հստակ նշում այս իրողությունը։ Օրինակ՝ փաստաթղթի կյանքի կոչման հետ կապված վեճերը, եթե չլուծվեն ուղիղ խորհրդակցությունների միջոցով կամ համաձայնագրի իրականացումը հսկող հանձնաժողովում, ապա «կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ»։
Բայց ի՞նչ է ստանում պատերազմում պարտված Հայաստանը գոնե թղթի վրա։ Չհարձակման ու էսկալացիայից խուսափելու կամ կայունության որոշակի, բայց դեռևս մշուշոտ հեռանկար: Անշուշտ, ոչ այնքան մշուշոտ, որքան մինչև նախաստորագրումն էր: Մենք հաճախ մտածում ենք, թե հակամարտության մեջ միայն մեր պահանջներն են ընկալելի։ Ասենք, եթե պայմանագրի տեքստում չկա փախստականների վերադարձի կամ իրավունքների մասին դրույթ, ապա միայն մեր շահերն են տուժել։ Կամ եթե լիներ, ապա մենք էինք միայն շահելու։
Կարելի է այդպես մեկնաբանել, բայց նաև կարելի է տեսնել դրա հակառակ կողմը՝ ռեալ քաղաքականության տեսանկյունից։ Պատերազմում ցավալի պարտություն կրած Հայաստա՞նը, թե՞ հաղթած Ադրբեջանն էր շահելու այդ դրույթից, որը վայելում է 85 միլիոնանոց Թուրքիայի անվերապահ աջակցությունը և առաջ է տանում 300 հազար ադրբեջանցիների Հայաստան «վերադարձնելու» խոսույթը։ Շատ ցավալի իրողություններ են, դժվար է սրան հարմարվել, քանի որ խոսքը ոչ միայն շարքային մի խնդրի մասին է, այլ մեր քաղաքական ինքնության փոփոխության:
Մի բան հիշեցի: Տարիներ առաջ ինձ շատ պատահական հանդիպած մի պատմաբան, որի անունը չեմ հիշում, համառությամբ պնդում էր, որ Հայաստանը պետք է սկսի Կարսի պայմանագրի չեղարկման գործընթաց։ Փաստարկն այն էր, որ կնքող կողմերից մեկը՝ ԽՍՀՄ-ը, կամ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԽՍՀ-ներն այլևս չկան։ Ու չգիտես ինչու, վստահ էր, որ եթե այդ պայմանագիրը չեղարկվի, ապա հենց 85 միլիոնանոց ու ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիան է տուժելու, ոչ թե 3 միլիոնանոց, հակամարտության ու շրջափակման մեջ գտնվող, արտաքին աշխարհի հետ կայուն կապի խնդիր ունեցող Հայաստանը։
Այսինքն՝ մենք անպայմանորեն ինչ-որ բան ստանալու էինք, ոչ թե կորցնելու: Ճիշտ անեկդոտի նման. երկու ընկեր որոշում են մի անցորդի ծեծել: Մեկը հարցնում է` բա՞ որ ինքը մեզ ծեծի: Երկրոդը պատասխանում է՝ ինչո՞ւ, մենք նրան ի՞նչ ենք արել:
Մենք մեր ճշմարտության պատյանի մեջ փակված այնքան ենք «եփվել», որ համոզված ենք՝ միայն մենք ենք ճիշտ, մենք ենք ամենատառապածն ու հենց մեր իրավունքների պաշտպանությունն է ամենաարդարը։ Մեծամտություն չհամարեք, բայց քաղաքական մանկամտության հոտ է փչում։
Աշխարհաքաղաքական կամակորի և Թուրքիայի դեմ սուր ճոճող կեցվածքը, որը մինչև 2020 թվականի պատերազմը բնորոշ էր մեզ և որը երբեմն առավել կտրուկ էր դրսևորում նաև այս իշխանությունը՝ Սևրի փաստաթուղթ թափահարելով Անկարայի ուղղությամբ, հնարավոր էր միայն մեկ պատճառով՝ մեր թիկունքում կամ գոնե մեր ընկալումներում կանգնած էր Ռուսաստան անունով վահանը։ Այդ վահանը Սիրիայից միչև Հարավային Կովկաս կոտրվել է, և մենք մնացել ենք բոկոտն: Փորձում ենք նոր վահաններ գտնել՝ դրանք անվանելով անվտանգության դիվերսիֆիկացիա, զուգահեռաբար ջանում ենք կայուն պահել իրավիճակը՝ դա էլ անվանելով խաղաղության բանացություններ:
Ցավալի է, բայց սրանք են մերօրյա քաղաքական իրողությունները, որոնց ստիպված ենք առերեսվել։ Ուստի, եթե կուզեք, սա ոչ թե խաղաղության, այլ Հայաստան պետության կյանքի երկարացման փաստաթուղթ է։
Արշալույս Մղդեսյան











