Ուկրաինան պատրաստ է խաղաղության, բայց ոչ՝ տարածքային զիջումների գնով․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին՝ հանդիպելու եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ։ Այցի առանցքում Ուկրաինայի անվտանգության հարցերն են և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա Ալյասկայում օգոստոսի 15-ին։
Բեռլինում Զելենսկին մասնակցում է մի շարք բարձր մակարդակի հանդիպումների, որոնց նպատակն է միասնական դիրքորոշում ձևավորել՝ Մոսկվայի հետ հնարավոր համաձայնագրերի նկատմամբ։ Հանդիպումներին ներկա են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերսը, Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
«Ուկրաինան պատրաստ է խաղաղության, բայց ոչ՝ տարածքային զիջումների գնով։ Մենք ակնկալում ենք հստակ անվտանգության երաշխիքներ և միջազգային պարտավորություններ՝ մեր ինքնիշխանության պահպանման ուղղությամբ»,- Բեռլինում հայտարարել է Զելենսկին։
Այսօր նախատեսված է նաև առցանց տեսակապ՝ Զելենսկու, եվրոպացի մի շարք առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Քննարկման առանցքում Թրամփ–Պուտին սպասվող հանդիպումն է, որի արդյունքում հնարավոր է՝ ձևավորվեն նոր առաջարկներ ու ճնշումներ Ուկրաինայի նկատմամբ՝ պատերազմը դադարեցնելու նպատակով։
Եվրոպական ղեկավարները փորձում են նախապես ազդել Թրամփի դիրքորոշման վրա՝ համոզելով նրան խուսափել համաձայնություններից, որոնք կարող են վնասել Ուկրաինայի շահերին։
Civilnet










