Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման հարցով շուտով աշխատանքային խումբ կստեղծվի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Աշխատանքային խմբերի ձևավորմանը երկար սպասելու կարիք և անհրաժեշտություն չի լինի»,- ասաց նախարարը։
Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ տեխնիկական հարցերի պատասխանները կհրապարակվեն աշխատանքային խմբի աշխատանքներից հետո։
«Առնվազն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- ասաց նախարարը։
Խուդաթյանը ընդգծեց, որ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթում հստակ ամրագրված են չորս հիմնարար սկզբունքները՝ Հայաստանի ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն և փոխադարձելիություն։
«Սևով սպիտակի վրա հստակ սահմանված են չորս հիմնական սկզբունքները։ Այդ սկզբունքները կիրառվելու են ճանապարհների ապաշրջափակման համատեքստում», - ասաց նա։
Նրա խոսքով, այն մեթոդը, որով կկիրառվի սահմանային ռեժիմը, այդ թվում՝ անցակետի ձևաչափն ու մուտքի-ելքի եղանակները, ևս քննարկման առարկա են լինելու աշխատանքային մակարդակում։ Այդ գործընթացում, ինչպես նշեց Խուդաթյանը, կպահպանվի փոխադարձելիության սկզբունքը։
Նախարարը նշեց, որ այս հարցերը ուղղակի առնչվում են սահմանազատման գործընթացին։ Նախարարի խոսքով, Կիրանցում իրականացված սահմանազատումը և նախորդ փորձը հիմք են տալիս վստահ լինելու, որ գործընթացը լինելու է շարունակական և դրանով լուծում են ստանալու նաև հանրային մտահոգություն առաջացրած հարցերը։
Խուդաթյանի փոխանցմամբ՝ կա քաղաքական պայմանավորվածություն, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է, և դրա միջոցով բոլոր խնդիրները լուծվելու են խաղաղ ճանապարհով։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ երկկողմ հուշագրի հնարավոր հրապարակմանը՝ որի շրջանակում նախատեսվում է նաև ճանապարհային հաղորդակցության զարգացում, նախարարը նշեց, որ այս պահին հստակ ժամկետներ չկան։
«Հրապարակման ժամկետի հետ կապված հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում», - ասաց նա։
Civilnet











