Գլխավոր Լրահոս

Վաշինգտոնից հետո. պատերազմի ռիսկը՝ քիչ, խաղաղության շուրջ հարցերը՝ շատ

Վաշինգտոնից հետո. պատերազմի ռիսկը՝ քիչ, խաղաղության շուրջ հարցերը՝ շատ

Վաշինգտոնում Փաշինյանի, Թրամփի և Ալիևի ստորագրած փաստաթղթերի փաթեթը նվազեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախման հավանականությունը, սակայն չփակեց կարգավորման առանցքային հարցերը։ ՍիվիլՆեթի քննարկման մասնակից փորձագետները կարծում են, որ առանց հստակ մեխանիզմների և անվտանգության հասկանալի ճարտարապետության հռչակագրերը չեն վերածվի կայուն խաղաղության։

Ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ տեղի չունեցավ

Վաշինգտոնյան հանդիպումն ամրագրեց կարգավորման գործընթացը շարունակելու և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու քաղաքական կամքը, այդ թվում՝ TRIPP («Trump Route for International Peace and Prosperity» – Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծով։ Քննարկման մասնակիցներից մեկի՝ Հարավային Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի գնահատմամբ՝ պայմանավորվածությունների հրապարակային ամրագրումն ինքնին և խորհրդանշական ժեստերը «սառեցնում են Հայաստանի հարավում ռազմական գործողության ռիսկը»։

Սակայն, այնուամենայնիվ, վաշինգտոնյան պայմանավորվածությունները գործընթացի միայն մի մասն են, ոչ թե դրա ավարտը, քանի որ, ինչպես կարծում է փորձագետը, իրավական առումով «մեծ» խաղաղության պայմանագիր գոյություն չունի. փաստաթուղթը Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրվել է, այլ ոչ թե ստորագրվել, և կրում է շրջանակային բնույթ։ 

Ըստ որում, փորձագետի գնահատմամբ, այնպիսի զիջումներից հետո, ինչպիսիք են Ադրբեջանին ԱՄՆ-ի ուղիղ օգնությունն արգելող № 907 բանաձի չեղարկումը և ղարաբաղյան կարգավորման միջազգային հարթակի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի լուծարումը, Բաքուն դժվար թե խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիա ունենա։

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մատնանշում է պայմանավորվածություններում առկա խնդիրները. հրապարակված դրույթներում նկարագրված չեն անկլավների, սահմանազատման/սահմանագծման, ռազմագերիների կարգավիճակի և Հայաստանում հնարավոր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցերը։ Նրա եզրակացությունն է՝ գործընթացը շարունակվում է, բայց «կոնկրետ քայլերը դեռ առջևում են»։

Ալեքսանդր Իսկանդարյանն առաջարկում է տեղի ունեցածը դիտարկել որպես ԱՄՆ-ի խաղաղարար դերի մասին «մեդիա-քաղաքական նարատիվ». «Վաշինգտոնում տեղի ունեցածը պայմանագրի ստորագրում չէ, այլ հայտարարություն/մամուլի ասուլիս»։ Նրա խոսքով, ներկա պահն ավելի շուտ լեգիտիմացվում են արդեն տեղի ունեցածը՝ 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունը, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը և 2023 թվականին ղարաբաղյան բնակչության բռնի տեղահանումը։

TRIPP. գաղափար՝ առանց երթուղու

Ամենաշատ հարցերն առաջացնում է «Թրամփի երթուղի» տրանսպորտային նախագիծը։ Ըստ դե Վաալի՝ այն իմաստ ունի միայն որպես ավելի լայն ապաշրջափակման բաղկացուցիչ՝ հայ-թուրքական սահմանի բացմամբ և «Միջին միջանցքին» Հայաստանի ընդգրկմամբ։ «Հակառակ դեպքում դա Ադրբեջանի մի մասը մյուսին կապող օղակ է, այլ ոչ թե միջազգային երթուղի», - նշում է դե Վաալը։

Մարկեդոնովը հավելում է, եթե սովորական հաղորդակցության ուղիներն այսպես թե այնպես բացվելու են ստանդարտ կանոններով, ապա տասնամյակների համար նախատեսված երկարաժամկետ «հատուկ» ռեժիմի կարիք չկա։ Իսկ եթե ենթադրվում են հատուկ վերահսկողական լիազորություններ, ապա դա արդեն ինքնիշխանության հարց է, նշում է նա և հավելում, որ նախագծի ֆինանսավորման, իրավազորության և վերահսկողական ընթացակարգերի հարցերը մնում են անպատասխան։

Ինչպես նշում է Իսկանդարյանը, տվյալ հաղորդակցության ուղու չափանիշների հենց անորոշությունը՝ երթուղուց մինչև կանոնակարգում, անհնարին է դարձնում դրա անհապաղ իրագործումը։ Նրա խոսքով՝ «չափազանց շատ են փոփոխականները»՝ իրանական գործոնից և ռուս-հայկական սահմանապահ ծառայությունից մինչև սահմանին եվրոպական դիտորդներն ու Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: Դրանք, փորձագետի խոսքով, ստեղծում են «աշխարհաքաղաքական խաչմերուկ», որը պահանջում է բազմամյա քաղաքական և տեխնիկական աշխատանք։

ԱՄՆ-ի դերը և երաշխիքների ճարտարապետությունը

Վաշինգտոնը, նշում է Իսկանդարյանը, ձգտում է ամրապնդել «պրագմատիկ ֆասիլիտատորի» կերպարը, սակայն երաշխիքների կայունությունը կախված է ոչ թե նախագծերի անվանումներից, այլ ընթացակարգերից և մեխանիզմների ամրությունից. ո՞վ է վերահսկում սահմանները, ինչպե՞ս են բաժանված ուժային և մաքսային ծառայությունների իրավասությունները, ո՞րն է խախտումների ստուգման մեխանիզմը։

«Միասնական երաշխավորի» գաղափարի հանդեպ թերահավատությունը կիսում է նաև Մարկեդոնովը։ «Շատերն այժմ բողոքում են ռուսական երաշխիքներից, սակայն ո՞վ է ասել, որ արևմտյան երաշխիքներն ավելի կայուն կլինեն», – հարց է հնչեցնում ռուսաստանցի փորձագետը՝ վկայակոչելով Աֆղանստանում, Վրաստանում և Լատինական Ամերիկայում տեղի ունեցած նախադեպերը, որտեղ արևմտյան երաշխիքները հաճախ չեն աշխատել։

Դե Վաալը կոչ է անում խուսափել գործընթացի անձնավորումից: Նրա խոսքով, երթուղին կոնկրետ առաջնորդի անվան հետ կապելը կառույցը կախվածության մեջ է դնում ընտրական փուլերից և վարչակազմի փոփոխությունից։ Նման սխեմայում քաղաքական վերադասավորումների դեպքում մեծանում է պարտավորությունների վերանայման ռիսկը, ավելի է բարդանում բազմակողմ ֆինանսավորում ներգրավելը և նախագիծը ԵՄ-ի ու միջազգային կառույցների նախաձեռնությունների հետ համակցելը։

Նրա տրամաբանությամբ՝ կայունությունն ապահովում են չեզոք դիրքորոշումը, ինստիտուցիոնալ (և ոչ թե անձնական) երաշխիքները և հստակ սահմանված կանոնակարգերը։ Այդ դեպքում նախագիծն ավելի երկար է «ապրում», քան քաղաքական գործիչները, այլ ոչ թե հակառակը։

Ռուսաստան. մենաշնորհի, բայց ոչ ներկայության ավարտ

Իրավիճակի ռազմավարական նորույթը, ըստ Իսկանդարյանի, այն է, որ Ռուսաստանը դադարել է լինել Հարավային Կովկասում անվտանգության մենաշնորհատերը. ղարաբաղյան «լծակը»՝ որպես նախկին ճարտարապետության կենտրոնական տարր, դուրս է եկել խաղից։

Նախկին կառուցվածքում, ընդգծում է նա, Բաքվի վրա ազդելու Մոսկվայի կարողությունը հենվում էր Երևանի վրա և հակառակը. չլուծված ղարաբաղյան հարցի առկայությունը թույլ էր տալիս հավասարակշռել կողմերին, դառնալ նրանց միջև արբիտր և պարտադրել խաղի կանոններ։ 2020–2023 թվականներից հետո այդ հանգույցը, կարծում է փորձագետը, այլևս չկա, և Մոսկվան չունի այլ համադրելի գործիք՝ միակ արբիտրը լինելու համար։

«Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից. առևտուրը, էներգետիկան, միգրացիան, ենթակառուցվածքները և մշակութային կապերը պահպանվում են, բայց դրանք տալիս են տնտեսական-սոցիալական ազդեցություն, այլ ոչ թե բացառիկ լիազորություններ անվտանգության ոլորտում», – պարզաբանում է նա։ Նոր միջավայրում, կարծում է Իսկանդարյանը, ազդեցությունը բաշխվում է մի քանի կենտրոնների (ԱՄՆ/ԵՄ, Թուրքիա, Չինաստան) միջև, և Մոսկվայի համար մարտահրավերը ոչ թե «մենաշնորհը վերադարձնելն» է, այլ կանոնների մրցակցային ճարտարապետությանը ինտեգրվելը։

Սերգեյ Մարկեդոնովը հիշեցնում է Ռուսաստանի ազդեցության ցիկլային բնույթի մասին. կովկասյան ուղղությամբ թուլացման շրջաններին հաջորդել են «վերադարձները»: Սակայն ընդունում է, որ այլ խաղացողների՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Չինաստանի հետ մրցակցությունն այս Հարավային Կովկասում սրվում է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի «վերջնական հեռանալու» մասին խոսելը վաղաժամ է. շատ բան կախված է հետղարաբաղյան իրողություններին հարմարվելու Մոսկվայի կարողությունից։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում