Գլխավոր Լրահոս

Երևանի և Թեհրանի հարաբերությունները երբեք չեն դառնա աշխարհաքաղաքական սակարկության առարկա․ Վահան Կոստանյան

Երևանի և Թեհրանի հարաբերությունները երբեք չեն դառնա աշխարհաքաղաքական սակարկության առարկա․ Վահան Կոստանյան

Երևանի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական սակարկության առարկա։ Այս մասին Թեհրան կատարած այցի շրջանակում իրանական Irna-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Գնահատելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագրի ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա, Կոստանյանը նշել է, որ այն դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դինամիկայի վրա։

«Մեր հիմնական պայմանավորվածություններից մեկը Ադրբեջանի հետ՝ հաղորդակցման ուղիների վերաբացման մասին է՝ ամբողջական հարգանքով պետությունների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար՝ ներառյալ Նախիջևան–Ջուլֆա երկաթուղային գիծը, ինչը կնշանակի Իրանի հասանելիություն դեպի Հայաստան, իսկ հետո՝ դեպի Սև ծով»,- ասել է փոխնախարարը։

Լրագրողը հետաքրքրվել է, թե Հայաստանի փոխարտգործնախարարն ինչպես է գնահատում Իրանի դերը այս համատեքստում։ Եվ ի՞նչ տեսակետ ունի Երևանը տարածաշրջանային ձևաչափերի, մասնավորապես «3+3»-ի վերաբերյալ։

Կոստանյանը նշել է, որ Ադրբեջանի հետ երկխոսության ձևաչափը Երևանն արդյունավետ հարթակ է համարում՝ տարածաշրջանային նախագծերը, հատկապես հաղորդակցման ծրագրերը քննարկելու համար։ 

«Վերջին զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հաղորդակցման ուղիների վերաբացման վերաբերյալ հիմնարար համաձայնությունը, նոր փուլ են բացում երկխոսության համար՝ այդ թվում նաև «3+3» ձևաչափում։ Վերջին նախարարական հայտարարության համաձայն, հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Մենք նաև նախատեսում ենք երկկողմ խորհրդակցություններ Ադրբեջանի հետ»,- ասել է Կոստանյանը։

Լրագրողը Հայաստանի գլխավոր դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչից հետաքրքրվել է, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը տարածաշրջանում երրորդ կողմերի, մասնավորապես ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ։ Եվ ի՞նչ երաշխիքներ կան, որ ԱՄՆ-ն չի ունենալու բացասական դերակատարում։

Արձագանքելով Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններում լիարժեքորեն հաշվի են առնվել Իրանի զգայունություններն ու մտահոգությունները։ Նրա խոսքով՝ այդ հարցը եղել է Թեհրանում անցկացված քննարկումների առանցքում։

«Ես Թեհրան եմ եկել այն ուղերձով, որ Հայաստանը լիարժեքորեն դիտարկել է Իրանի մտահոգությունները՝ կապված հաղորդակցման նախագծերի հետ։ Այդ զգայունությունները հաշվի են առնվել դեռևս նախնական փուլում՝  «Թրամփի ուղի» նախագծի շուրջ բանակցությունների ժամանակ», - ընդգծել է Կոստանյանը։

Նրա խոսքով, նախագծի որոշ մանրամասներ արդեն հստակեցվել են և փոխանցվել իրանական կողմին, իսկ ինքը պատրաստ է դրանք նաև հրապարակայնորեն ներկայացնել։ Մասնավորապես, նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի մի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։

Սակայն Կոստանյանը վստահեցրել է, որ դա չի ենթադրում Միացյալ Նահանգների ռազմական ներկայություն տարածաշրջանում։ «Մենք հասկանում ենք, որ սա եղել է Իրանի հիմնական մտահոգություններից մեկը, և ես կարող եմ վստահ ասել, որ այդ մտահոգությանը հասցեագրված է պատշաճ ձևով»,- նշել է փոխնախարարը։

Նա հավելել է, որ հաղորդակցման ուղիների բացման ծրագրերը կիրականացվեն պետությունների ինքնիշխանության և իրավազորության լիարժեք պահպանմամբ, ինչը ևս մի լրացուցիչ երաշխիք է այն մասին, որ տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը չի խախտվելու։

Խոսելով Վաշինգտոնի դերի մասին՝ Կոստանյանն ընդգծել է․ «Մեր դիրքորոշումը հստակ արտահայտված է վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Մենք կարծում ենք, որ հաղորդակցման ուղիների բացումը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ պետք է դառնա վստահության ամրապնդման գործիք»։

Նրա խոսքով, Հայաստանում գրանցվելիք ընկերությունում ԱՄՆ-ի բաժնետոմսերն ուղղվելու են տնտեսական շահերին, և այդ նախաձեռնությունից կշահեն բոլոր կողմերը՝ ԱՄՆ-ը՝ ներդրումային շահից, Իրանը՝ Սև ծովի հետ կապ ստանալով, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի երկաթուղով Ռուսաստանին միանալու հնարավորություն ստանալով։

«Մենք հույս ունենք, որ այս փոխադարձ տնտեսական փոխկապվածությունը կծառայի որպես համագործակցության կամուրջ, այլ ոչ թե որպես աշխարհաքաղաքական դիմակայության աղբյուր», - ասել  է Վահան Կոստանյանը։

Փոխնախարարը նաև հստակեցրել է Երևանի դիրքորոշումն Իրանի հետ ունեցած պատմական սահմանի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն մշտական և անփոփոխ առաջնահերթություն է Հայաստանի համար։

«Թեհրանի հիմնական մտահոգություններից մեկը Իրանի և Հայաստանի պատմական սահմանն է։ Մենք խորը կարևորություն ենք տալիս այդ սահմանին և երախտապարտ ենք Իրանի՝ վերջին տարիներին այս հարցում ցուցաբերած քաղաքական աջակցության համար», - հայտարարել է Կոստանյանը։

Նա ընդգծել է, որ այս դիրքորոշումը նույնքան կարևոր է Հայաստանի համար, որքան Իրանի։ «Այն երբեք չի փոխվելու։ Մենք տվել ենք Իրանին բոլոր անհրաժեշտ հավաստիացումները», - ասել է փոխարտգործնախարարը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում