Փաշինյանը կգնա Մոսկվա, Օվերչուկը հաջորդ շաբաթ կգա Երևան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան։ Օվերչուկը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ էլ ինքը կժամանի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը։
«Ես հաջորդ շաբաթ մեկնում եմ Երևան», - լրագրողներին ասել է Օվերչուկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ուղևորությունն ինքնին նախապես պլանավորված էր։ Դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նոր իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը»։
Օվերչուկի խոսքով՝ այս հարցը կքննարկվի առաջիկա այցի ընթացքում։
Ըստ այդ որոշման՝ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և մեր երկրի տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման պահանջները՝ համաձայն հավելվածի:
«Հետո Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում, ստորագրվեց հռչակագիր։ Հետևաբար, սպասվում է նաև, որ հնարավոր է հանդիպում լինի [ՀՀ վարչապետ] Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ, որտեղ մենք կքննարկենք որոշակի նրբերանգներ, որոնք հիմնականում կապված են Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ», - ասել է նա։
Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում իր շահերին վերաբերող հարցերով, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունների զարգացմամբ։
Civilnet










