Հայկական կողմը հավաստիացրել է, որ պահպանվել են Իրանի բոլոր կարմիր գծերը․ Արաղչի

«Հայկական կողմը հավաստիացրել է, որ պահպանվել են Իրանի բոլոր կարմիր գծերը։ Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով ամերիկյան ուժեր չեն տեղակայվի»։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախագար Աբբաս Արաղչին, հայտնում է Irna-ն։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «Զանգեզուրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանում հանգեցրել են ակնկալվողից տարբեր զարգացումների»։
«Բնական է, որ Զանգեզուրի գործի բոլոր մանրամասները դեռ լիովին պարզ չեն, սակայն արտաքինից երևացող պատկերը և այն, ինչ հայ գործընկերները մեզ ասում են, քանի որ փորձում են հավաստիացնել, ցույց են տալիս, որ տեղի ունեցածը լիովին տարբերվում է այն բանից, ինչ պիտի տեղի ունենար՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության առումով», - ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ Թեհրանը սկզբում լուրջ մտահոգություններ է հայտնել Սյունիքի մարզի հնարավոր բռնազավթման վերաբերյալ, ինչից հետո ծրագիրը չեղարկվել է։ Այնուհետև օրակարգում հայտնվել է միջանցքի գաղափարը, սակայն, Արաղչու խոսքով, այժմ խոսքը այլ կառուցվածքի մասին է։
«Այս ամենը այժմ վերածվել է ճանապարհի, որը կառուցելու է ամերիկյան մի ընկերություն, գրանցված Հայաստանում և գործող Հայաստանի օրենսդրության ներքո՝ Հայաստանի ինքնիշխանության պայմաններում։ Մենք պետք է հաշվի առնենք մեր իրական մտահոգությունները, սակայն պետք է իրատեսորեն դիտարկենք հարցը և հասկանանք՝ իրականում ինչ է տեղի ունենում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
***
Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մեջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերից հետո Հայաստանի վարչապետը զանգահարել է Իրանի նախագահին: Փաշինյանը Փեզեշքյանին է ներկայացրել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։ Վարչապետն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ Իրանի արտգործնախարարին է ներկայացրել բանակցությունների արդյունքները։
Օգոստոսի 12-13-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել է Իրան, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների։
Հանդիպումների ընթացքում Վահան Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը:
Օգոստոսի 18-19-ին Իրանի նախագահ մասուդ Փեզեշքյանը կայցելի Հայաստան։
Տեղադրություն
Civilnet









