Գլխավոր Լրահոս

907-րդ բանաձևի կասեցումը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով․ հրապարակվել է Թրամփի ստորագրած հուշագիրը

907-րդ բանաձևի կասեցումը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով․ հրապարակվել է Թրամփի ստորագրած հուշագիրը

Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ։

Հրապարակված տեքստում մասնավորապես ասված է, որ 907-րդ բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ տրված լիազորություններով, այդ թվում՝ 2002-ի «Արտաքին գործողությունների ֆինանսավորման, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի մասին» օրենքի II վերնագրով, ես սույնով որոշում և հավաստում եմ, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցումը Ադրբեջանի նկատմամբ՝

• անհրաժեշտ է ԱՄՆ-ի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար։

• անհրաժեշտ է ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիոն գործընկերների միջազգային ահաբեկչության դեմ պայքարում պատրաստվածությունը աջակցելու համար։

• կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար։

Համապատասխանաբար, ես սույնով երկարաձգում եմ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը», - ասված է Թրամփի ստորագրած փաստաթղթում։

***

907-րդ բանաձևը (Section 907) ԱՄՆ Կոնգրեսի՝ 1992-ի ընդունված «Ազատության աջակցման ակտի» (Freedom Support Act) մի մաս է, որը սահմանափակում էր ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։

Բանաձևի հիմնական բովանդակությունն այն է, որ ԱՄՆ-ն չէր կարող ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ վերջինը չէր դադարեցրել ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ Այն ընդունվել է հայ-ամերիկյան համայնքի լոբբիստական ջանքերով՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին։

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, ԱՄՆ Կոնգրեսը փոփոխություն կատարեց, որը նախագահին հնարավորություն տվեց «շրջանցել» 907-րդ բանաձևը՝ հատուկ պատճառներով։ Այս շրջանցումը կոչվում է waiver (կասեցում կամ ժամանակավոր չկիրառում)։

Բոլոր ԱՄՆ նախագահները սկսած 2002-ից օգտագործել են այս իրավունքն ու շրջանցել են 907-րդ բանաձևը։

Բացառություն են կազմել 2023-2024 թվականները, երբ բանաձևի կասեցումը չերկարաձգվեց` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացված էթնիկ զտումներից և ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներից հետո: Այնուամենայնիվ, 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ կասեցումը վերստին ուժի մեջ մտավ։ 

Ըստ տարբեր աղբյուրների՝ ակտի ընդունումից ի վեր նրա գործողությունը կասեցվել է շուրջ երկու տասնյակ անգամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում