Հունաստանում գործող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը արդեն 25 տարի է՝ հայկական համայնքի հենակետերից մեկն է։ Այն ստեղծվել է 2000 թվականի մարտի 30-ին՝ այն պահին, երբ հայ ներգաղթյալների թիվը երկրում զգալի էր, իսկ կարիքները՝ հրատապ։ Կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանն ասում է՝ թեև տարիները փոխել են համայնքի առջև ծառացած խնդիրները, իրենց հիմնական առաքելությունն անփոփոխ է մնում՝ պահպանել համայնքի կենսունակությունն ու հայկականությունը, ամրապնդել կապը հայրենիքի հետ։ Մինաս Տեր-Հովհաննիսյանը համոզված է՝ հայկական ինքնության պահպանումը սփյուռքում հնարավոր է միայն կայուն Հայաստան–Սփյուռք հարաբերությունների և հետևողական մշակութային աշխատանքի միջոցով։ Այսօր Հունաստանում ապրում է 25,000–35,000 հայ՝ ակտիվ համայնքային կարգավիճակով։

Փոփոխվող պայմաններ, անփոփոխ նպատակ
Տեր-Հովհաննիսյանի խոսքով՝ ժամանակի ընթացքում համայնքի իրավական խնդիրները մեծապես լուծվել են։ Եթե նախկինում կարիք կար՝ աջակցելու մարդկանց օրինական կեցության ձևակերպման հարցում, ապա այսօր հիմնական ուշադրությունը սևեռված է մշակութային ու ինքնության պահպանմանը։

«Մենք դադարեցրել ենք նաև «Հայաստան» թերթի տպագրությունը, որը գործել է ավելի քան 14 տարի։ Տեղեկատվական միջավայրը փոխվել է՝ ինտերնետի տարածմամբ, ուստի մենք ևս այսօր օգտագործում ենք այդ գործիքը», - պատմում է Կենտրոնի համահիմնադիրը։
Համայնքի տրամադրությունները պայմանավորված են հայրենիքի վիճակով
Տեր-Հովհաննիսյանն ընդգծում է՝ հայկական սփյուռքի, հատկապես՝ եվրոպական համայնքների հավաքական հոգեբանությունը սերտորեն կապված է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետ։
«Շատ ընտանիքներ ազգականներ ունեն Հայաստանում։ Այդ պատճառով ամեն փոփոխություն հայրենիքում՝ լինի դրական, թե բացասական, ազդում է համայնքի վրա», - ասում է նա՝ հավելելով, որ իրենց առաքելությունն է այդ կապը պահպանել, ամրացնել և համայնքը «կենսունակ պահել»։
Հունաստանում հայկական համայնքի կազմակերպվածության առաջ ծառացած հիմնական խոչընդոտը տարածվածությունն է։ Հայերն ապրում են տարբեր քաղաքներում, ինչն իր բնույթով բարդացնում է կենտրոնացված աշխատանքը։
Ի հավելումն տարածական ցրվածության՝ Տեր-Հովհաննիսյանը մտահոգված է նաև եկեղեցական պառակտումներով, որոնք խանգարում են համայնքի համախմբմանը։ Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ այս դժվարությունները հաղթահարելի են։
Լեզվամտածողության կորուստը՝ վտանգ ազգային ինքնության համար
Մինաս Տեր-Հովհաննիսյանի խոսքով՝ նոր սփյուռքի երիտասարդ սերունդը հեռանում է հայոց լեզվամտածողությունից։
«Նրանց մեծ մասը, նույնիսկ եթե խոսում է հայերեն, չի գրում կամ չի կարդում իր մայրենի լեզվով», - ասում է նա՝ շեշտելով, որ այս միտման դեմ աշխատանքը պահանջում է «տիտանական ջանք և համեմատաբար մեծ ռեսուրսներ»։

Ըստ նրա՝ Հայաստանի յուրաքանչյուր վերելք կամ հաջողություն մեծ ազդեցություն է ունենում սփյուռքում՝ հատկապես երիտասարդության ինքնագիտակցության և ազգային հպարտության վրա։ Եվ հակառակը՝ նահանջները թուլացնում են կապը։
Տեր-Հովհաննիսյանն անդրադառնում է նաև ապատեղեկատվության տարածման խնդրին՝ այն դիտարկելով որպես լրացուցիչ խոչընդոտ, որին համայնքն այսօր բախվում է։
«Պալատական հարաբերություններն» ավարտվեցին, նոր ծրագրեր չկան
Հայաստան–Սփյուռք պաշտոնական կապերի ներկա վիճակը Տեր-Հովհաննիսյանը գնահատում է մտահոգությամբ։ Նա նշում է, որ 2018-ից դադարեցվել են նախկին՝ այսպես կոչված «պալատական» հարաբերությունները, սակայն դրանք մինչ օրս չեն փոխարինվել որևէ համարժեք ծրագրով։
Նրա կարծիքով՝ տարբեր երկրներում համայնքից հանձնակատարներ նշանակելը համակարգային արդյունք չի տալիս։
«Տարբեր երկրներում տեղական համայնքից հանձնակատար նշանակելը՝ անկախ անձից, չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին, նա ո՛չ միջոցներ ունի, ո՛չ ֆինանսներ, ո՛չ գրասենյակ, ո՛չ քարտուղարություն՝ աշխատելով մասնատված համայնքի հետ։ Թվում է, թե այս քայլը ձեռնարկվել է որոշակի բացեր լրացնելու մտադրությամբ, բայց այն որևէ էական արդյունք չի բերել, քանի որ ի սկզբանե համապարփակ չի ուսումնասիրվել։ Իհարկե, մեր համայնքում մենք սերտորեն համագործակցում ենք նշանակված հանձնակատարի հետ, և մեր ռեսուրսները նրա տրամադրության տակ են յուրաքանչյուր ծրագիր իրականացնելու համար», - ասում է զրուցակիցը։
Հայաստանում առկա բևեռացումը մեծ մասամբ կառավարելի է Հունաստանի հայ համայնքում
Ըստ Մինաս Տեր-Հովհաննիսյանի՝ Հունաստանում հայ համայնքի նկատմամբ ընդհանուր մթնոլորտը դրական է։ Թեև երկրի հյուսիսային շրջաններում ապրող մուսուլմանների հարցը որոշակիորեն ազդում է ազգային փոքրամասնությունների օրենսդրության վրա, դա համայնքին ուղղակիորեն չի սպառնում։
Ինչ վերաբերում է ներհամայնքային բևեռացումներին, ապա Տեր-Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում առկա առճակատումը մեծ մասամբ կառավարելի է Հունաստանի հայ համայնքում։
«Էջմիածնական թեմում փորձ է կատարվում համատեղ ջանքերով համայնքը հեռու պահել այս դիմակայությունից։ Բայց Անթիլիասի թեմի հարցը բոլորովին այլ է։ Այն կամա թե ակամա ենթարկվում է ծայրահեղությունների», - ասում է նա։
Տեր-Հովհաննիսյանը համոզված է՝ կայուն Հայաստան–Սփյուռք կապը, պետության կողմից մշակված ռազմավարությունը և համայնքների ներգրավվածությունն իրատեսական ծրագրերում՝ հայ ինքնության պահպանման հիմնական գործոններն են։
«Մենք պատրաստ ենք աջակցել, մենք աշխատում ենք՝ պահպանելու համար հայկականությունը և համայնքի կենսունակությունը։ Մեր նպատակը չի փոխվել», - եզրափակում է Մինաս Տեր-Հովհաննիսյանը։
Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը
Civilnet











