Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել անպարկեշտ արտահայտությունների համար

Գևորգ Թոսունյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել ավելի վաղ արված անպարկեշտ արտահայտությունների, այդ թվում՝ «դոմփել» բառի համար։
Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը գրել է, որ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իր խոսքում։
«Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետև դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։ Իսկ հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։
Քաղաքական և պետական նորոգման համատեքստում կարևոր է հանդուրժողականությունը և հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը և այսպիսով դրսևորում եմ»,- նշել է վարչապետը։
Ո՞ր արտահայտությունների համար է ներողություն խնդրում Փաշինյանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ին հրապարակել է իր եզրակացությունը վարչապետի ֆեյսբուքյան գրառումներից մեկի մասին։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսի 30-ին գրել էր․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Հանձնաժողովը վարույթը հարուցել էր լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։ Գործի շրջանակում նշանակվել էր լեզվաբանական փորձաքննություն։
Փորձագիտական եզրակացության համաձայն՝ «դոմփել» բառը խոսակցական, ժարգոնային բառ է, որն ունի երկու հիմնական իմաստ՝ հարվածել, խփել և սեռական հարաբերություն ունենալ։ Հանձնաժողովը, հիմնվելով Փաշինյանի ներկայացրած դիրքորոշման, ինչպես նաև նախորդող ու հաջորդող գրառումների վրա, որոնք վերաբերում էին հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտի պահպանմանը, եզրակացրել է, որ վարչապետը բառն օգտագործել է «սեռական հարաբերություն ունենալ» իմաստով։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ թեև գրառումը վերաբերել է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի (եկեղեցականների կողմից բարոյական չափանիշների պահպանումը) և եղել է ի պատասխան քննադատությունների, այնուամենայնիվ, իր «բառընտրության պատճառով ունեցել է կոպիտ, անվայելուչ ու գռեհիկ նրբերանգ»։ Գրառումը, ըստ եզրակացության, չի անդրադարձել քննադատություններին, այլ նպատակ է ունեցել մատնացույց անելու հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտը դրժելու հանգամանքը՝ դրանով իսկ զրկելով նրան քննադատելու բարոյական իրավունքից։
Ավելին, հանձնաժողովը խնդրահարույց է համարել այն, որ գրառմամբ ակնարկվել է, թե հոգևորականը սեռական կապի մեջ է մերձավոր ազգականի կնոջ հետ, ինչը հարցին լրացուցիչ կոպիտ երանգ է հաղորդել։
Եզրակացության մեջ նշվում է նաև, որ գրառումը բացասական է ընկալվել հասարակության լայն շերտերի կողմից, ինչի մասին են վկայում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի արձագանքները (շուրջ 5,500 դժգոհություն արտահայտող արձագանք), 7,100-ից ավելի մեկնաբանությունները, ինչպես նաև 14 հասարակական կազմակերպությունների դատապարտող հայտարարությունը։
Ամփոփելով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը խախտել է բարեկրթության և հարգալիրության սկզբունքը և կարող էր վնասել, նսեմացնել կամ արատավորել հանրային ծառայության հեղինակությունը։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ առկա է վարքագծի կանոնի խախտում։
«Սպառնալիքը՝ թույլատրելի, վիրավորանքը՝ խախտում»
Հանձնաժողովը վարքագծի կանոնի խախտում է արձանագրել նաև մեկ այլ դրվագով, որը վերաբերում է վարչապետի կողմից «համբալ» բառի օգտագործմանը։
Խոսքը 2025-ի մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, կոշտ արտահայտություններ էր թույլ տվել։
Ի պատասխան հանձնաժողովի հարցմանը՝ վարչապետը ափսոսանք էր հայտնել տեղի ունեցածի համար՝ նշելով, որ իր արտահայտությունները եղել են բացառապես քաղաքական բանավեճի շրջանակում և անձնական վիրավորանքի կամ սպառնալիքի միտում չեն ունեցել։
Հանձնաժողովը եզրակացրել է, որ պատգամավորներին «ԱԱԾ-ի պադվալը լցնելու» մասին արտահայտությունը, թեև սադրիչ, սակայն չի անցել քաղաքական բանավեճի թույլատրելի սահմանները և ուղիղ սպառնալիք չի պարունակել։ Սակայն, միջադեպի ընթացքում պատգամավորներից մեկի հասցեին հնչեցրած «Արա, մի հատ վեր ընկի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը գնահատվել է որպես վարքագծի կանոնի խախտում։
Ըստ ԿԿՀ-ի՝ «համբալ» բառի կիրառումը որևէ իմաստային արժեք չի ունեցել՝ բացի վիրավորելուց, կապված չի եղել քաղաքական բանավեճի թեմայի հետ և եղել է անձնական բնույթի վիրավորանք, որով հատել է իրավաչափության սահմանները։
Civilnet










