Իրանի նախկին արտգործնախարար (2013-2021 թթ․), Իրանի ներկա կառավարությունում երկրի ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած (2023-2025 թթ․) Մոհամմադ Ջավադ Զարիֆը հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսում՝ Իրանին, տարածաշրջանին և գլոբալ դերակատարներին առաջարկելով փոխել անցյալի հարացույցը և փորձել օգտվել այսօր բացվող հնարավորություններից։ Հոդվածում դիվանագետն անդրադառնում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությանը։ Հոդվածը թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացված է ստորև։
«Հարացույցը փոխելու ժամանակը հիմա՛ է» անվանումը կրող հոդվածում Իրանի փորձառու դիվանագետը, որն արտաքին գործերի հարցերում ազդեցություն ունի Իրանի բարեփոխական թևի ներկա կառավարության վրա, մեծամասամբ խոսում է Իրան-Արևմուտք հարաբերությունների, դիվանագիտական ճանապարհով լուծումների և մի շարք տարածաշրջաններում համագործակցության հնարավորությունների ահրաժեշտության մասին: Զարիֆն այդ բոլոր հարցերի հետ մեկտեղ արծարծում է նաև Հարավային Կովկասը։
«Իսրայելի հրահրած վերջին սրացումներն ընդհանուր խոցելիության նոր գիտակցություն ձևավորեցին տարածաշրջանում, և ներկայում վճռորոշ հնարավորություն է բացվել։ Իրանը՝ Բահրեյնի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Թուրքիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Եմենի հետ միասին, հնարավոր է՝ ներառելով Պակիստանը, Կենտրոնական Ասիան և Կովկասը, պետք է օգտագործի այդ պահը։ ՄԱԿ-ի հովանու ներքո մենք կարող ենք ստեղծել նոր դաշինք՝ հիմնված մասնատումից սիներգիայի ռազմավարական անցման վրա: Համատեղ էներգետիկ միջանցքները, միջուկային համագործակցության և չտարածման վերաբերյալ համաձայնությունները, տնտեսական համագործակցությունն ու մշակութային միասնությունը կարող են դառնալ ընդհանուր բարգավաճման շարժիչ ուժը», - գրում է Զարիֆը։
Իրանցի փորձառու դիվանագետը հնարավորությունների անկյունից է դիտարկել նաև Հայաստանի ու Ադրբեջանի վերջին՝ Վաշինգտոնյան համաձայնությունը։
«Իրանը և անգամ Ռուսաստանն ու Թուրքիան Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունը կարող են դիտարկել ոչ թե սպառնալիք, այլ հնարավորություն, որը թույլ կտա վերակենդանացնել Կովկասում Իրանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև տարանցիկության վերաբերյալ նախկին առաջարկությունները։ Նոր համաձայնությունը [Հայաստանի և Ադրբեջանի միջև] ապահովում է գլոբալ համատեքստ, որն ավելի իրագործելի և կայուն է դարձնում 2019-ի մեր տարածաշրջանային նախաձեռնությունները։ Եվ այն կստեղծի եզակի ներդրումային հնարավորություններ Միացյալ Նահանգների և այլ երկրների մասնավոր հատվածի համար», - գրում է Ջավադ Զարիֆը։
Իրանի նախկին ԱԳ նախարարը, խոսելով Արևմուտքի և հատկապես Միացյալ Նահանգների հետ հակամարտության մասին, համոզմունք է հայտնում, որ, այնուամենայնիվ, Իրանն ու միջազգային հանրությունը գոյաբանական հետաքրքրություն ունեն՝ հաղթահարելու անցյալ փորձառությունն ու ստեղծելու այլ ապագա։
«Հաշվի առնելով պատմական ծանր բեռը՝ դժար է լինելու իրանցի ժողովրդին ու նրա կառավարությանը հավատացնելու դիվանագիտության կենսունակության հարցում։ Սակայն դրա այլընտրանքը մշտական պատերազմներն են, որոնք անխուսափելիորեն տանում են տարածաշրջանային մասնատմանը, ահաբեկչության տարածմանը և քաոսի՝ կլանելով Արևմտյան Ասիան և դրանից անդին։ Այն սպառնում է Միացյալ Նահանգներին ու Արևմուտքում ներքաշելու պատմական մասշտաբների հասնող ճահճի մեջ», - նշում է իրանցի դիվանագետը։
«Միացյալ Նահանգներն ու Եվրոպան և ոչ միայն Իրանը, գոյաբանական շահագրգռվածություն ունեն խրախուսելու վերը նշված հարացույցի փոփոխությունը։ Պատերազմի ճանապարհը ընտրելով՝ այն էլ բանակցությունների ընթացքում, նրանք փաստորեն փակեցին դիվանագիտության դուռը։ Այժմ հենց նրանք են պարտավոր փոխել ուղեգիծը, եթե ակնկալում են պատասխան քայլեր Իրանից։ Իրանը նույնպես կարող է շատ բան շահել և խուսափել ծանր փորձություններից՝ ներգրավվելով բազմաչափ, ապագային միտված ու արդյունքներին ուղղված երկխոսության մեջ։ Հետագա ուղին կարող է ներառել տարածաշրջանային ցանցի ձևավորում՝ միջուկային զենքի չտարածման և խաղաղ միջուկային համագործակցության համար, որը կարող է զուգորդվել ԱՄՆ–Իրան չհարձակման պայմանագրով», - գրում է Զարիֆը և շեշտում՝ անհնար է անտեսել կամ դասեր չքաղել անցյալից, սակայն պետք է հրաժարվել «անցյալի անհաջողությունների գերին լինելուց»։
«Հակառակ պարագայում մենք մեզ կդատապարտենք աղետների անվերջանալի ընթացքի», - եզրափակում է Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Իրանին, տարածաշրջանին և համաշխարհային այլ դերակատարներին դիվանագետը վերջում առաջարկում է ընտրել՝ կառչած մնալ ողբերգական անցյալին, թե խիզախություն ունենալ և կառուցել համատեղ ապագա։
Թարգմանեց Գեորգի Միրզաբեկյանը
Civilnet











