Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կախվեց ապահովագրությունից

Կառավարությունը կախվեց ապահովագրությունից

Պետական կարգավիճակ ունեցող «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ընկերության հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով ստեղծվելու է մինչև 15 անդամ ունեցող աշխատանքային խումբ՝ 500 հազ. միջին աշխատավարձով։ Այս նպատակի համար կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է տրամադրել Դ41,4 մլն։

Անցած տարվա նոյեմբերի վերջին կառավարությունը հաստատեց Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն ստեղծելու միջոցառումների ցանկը։ Փետրվարի 14-ի կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացնելու «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը։

Աշխատանքային խմբի գործունեությունն ապահովելու համար նախարարությունը խնդրում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել Դ41,4 մլն, որից Դ37,5 մլն-ն ուղղվելու է աշխատանքի վարձատրությանն ու հավելավճարներին։

Որոշման նախագծի հիմնավորումում բավական ուշագրավ տեղեկություններ կան։ «Ընկերության ստեղծման ապագա գործընթացների իրականացման նպատակով ձևավորվող նախապատրաստող թիմի անդամները (մինչև 15) պետք է ունենան բարձր որակավորում, աշխատանքային փորձ, տիրապետեն օտար լեզուների։ Ուստի՝ վերջիններիս վարձատրությունը պետք է համապատասխանի ոլորտի աշխատանքային շուկայում նմանատիպ հաստիքների համար ձևավորված միջին անվանական աշխատավարձի մակարդակին (միջինը՝ Դ500 հազ.), ինչպես նաև լինի մրցակցային, ինչը հնարավորություն կտա ներգրավել համապատասխան որակավորում ունեցող կադրեր»,– նշված է որոշման հիմնավորումում։

Աշխատանքային խմբի անդամներին նախատեսվում է վարձատրել 5 ամիս։ Եթե հաշվի առնենք, որ խումբը պետք է մշակի ընդամենը ընկերության կանոնադրությունը, պատրաստի գրանցման և ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև համակարգի ապագա աշխատակազմի հավաքագրման աշխատանքները, ապա մոտ կես տարի ժամկետը ուռճացված է։

Խմբի աշխատակիցների համար Դ500 հազ. միջին աշխատավարձը սահմանելը նույնպես անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ ֆինանսական և ապահովագրական ոլորտի մասնավոր ընկերություններում միջին աշխատավարձը 2012թ. կազմել է Դ288 հազ.։

Պետական կարգավիճակ ունեցող «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության» (ԱՖԱԿ) կանոնադրական կապիտալի գումարն ապահովվելու է պետբյուջեից։ Կենտրոնական բանկի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգով ապահովագրական ընկերությունների համար կանոնադիր կապիտալի նվազագույն չափ է սահմանված Դ1 մլրդ-ը։
Էկոնոմիկայի նախարարությունը որոշման նախագծում նշել է, որ ապահովագրական ընկերության ստեղծումը համահունչ է կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը և պայմանավորված միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակումով։

«Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք՝ ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման գործիքի տրամադրումն է: ԱՖԱԿ-ի առաջնային նպատակներից են ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը»,– նշված է որոշման նախագծում։

Հայաստանի ապահովագրական ընկերություններն այսօր իսկապես չեն իրականացնում վարկերի ապահովագրություն և չեն ապահովագրում արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի գնորդի չվճարման ռիսկերից։ Սակայն կառավարությունը կարող էր պատվիրել նման պրոդուկտի մշակումը կամ ներդրումը։ Փոխարենը գործադիրը նախընտրել է ապահովագրական շուկայի զարգացմանն օժանդակել պետական ապահովագրական ընկերություն ստեղծելու ճանապարհով։

Արդյունքում արտահանմանն արդեն իսկ օժանդակող «Զարգացման հայկական գործակալությանը» և «Արդյունաբերության զարգացման հիմնադրամին» ավելանալու է պետական ևս մեկ կառույց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում