Գլխավոր Լրահոս

Սովը Գազայում և մեր գլոբալ ամոթը

Սովը Գազայում և մեր գլոբալ ամոթը

Բինաիֆեր Նավրոջիե

Հոդվածը հրապարակվել է Project Syndicate կայքում 

Սովը մարմնի դանդաղ և լուռ քայքայումն է։ Առանց անհրաժեշտ սննդի՝ մարմինը սկզբում օգտագործում է լյարդի մեջ պահված շաքարային պաշարները։ Այնուհետև հալեցնում է մկաններն ու ճարպը՝ հյուսվածքները քայքայելով, որպեսզի ուղեղն ու կենսական օրգանները պահպանվեն։

Երբ այս պաշարները սպառվում են, սիրտը թուլանում է, իմունային համակարգը հանձնվում է, միտքը սկսում է մարել։ Մաշկը ձգվում է ոսկորների վրա, շնչառությունը դառնում է թուլացած։ Օրգանները մեկը մյուսի հետևից դադարում են գործել, տեսողությունը մթագնում  է, և մարմինը՝ դատարկված, լքում է կյանքը։ Սա տևական և տանջալից մեռնելու ձև է։

Մենք բոլորս տեսել ենք մաշկի և ոսկորի վերածված պաղեստինցի նորածինների ու երեխաների պատկերները, որոնք մոր գրկում մարում են սովից։ Իսկ հիմա, երբ Իսրայելը ուժգնացնում է իր պատերազմը՝ սկսելով Գազայի քաղաքի «գրավման» նոր գործողություն, հազարավոր խաղաղ բնակիչներ կարող են սպանվել՝ կա՛մ ռմբակոծություններից, կա՛մ սովից։

«Սա այլևս մոտալուտ սովի ճգնաժամ չէ։– օգոստոսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարեց ՄԱԿ-ի ավագ մարդասիրական պաշտոնյա Ռամեշ Ռաջասինգհամը։– Սա սով է, մաքուր և պարզ»։ Սովի փորձագետ Ալեքս դե Վաալն էլ գնահատում է, որ Գազայի հազարավոր երեխաներ այժմ այնքան թուլացած են, որ նույնիսկ եթե ուտելիք ունենային, չէին կարող ուտել։

Գնալով աճում է համաձայնությունը, որ Իսրայելը Գազայում գործում է ամենածանր հանցագործությունները, ներառյալ՝ սովը որպես պատերազմի գործիք օգտագործելը։ Մարդու իրավունքների պաղեստինյան և միջազգային կազմակերպությունները վաղուց էին ահազանգում այդ վտանգի մասին, և այսօր դրան արձագանքում են աշխարհի բոլոր մայրցամաքներում, ինչպես նաև Իսրայելի ներսում։ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, օրինակ, դատապարտել է այն, ինչ ինքը նկարագրում է որպես պատերազմական հանցագործություններ Գազայում, իսկ Իսրայելի առաջատար իրավապաշտպան խմբերը պնդում են, որ այս գործողությունները հավասարազոր են ցեղասպանության։

2023-ի հոկտեմբերի 9-ին, երբ Համասը սպանեց ավելի քան 1,200 իսրայելցիների և գերեվարեց ավելի քան 200-ին, այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարեց. «Ես հրամայել եմ Գազայի հատվածի լիակատար պաշարում։ Չի լինելու ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք։ Ամեն ինչ փակ է։ Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և դրան համապատասխան»։

Այս պաշարումը, որը տևեց 70 օր, ամբողջ բնակչությանը ենթարկեց հավաքական պատժի՝ առանց խտրականության խաղաղ բնակչության և զինյալների միջև։

2024-ի ապրիլին արդեն USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերն էր նախազգուշացնում Գազայում խորացող սովի մասին, իսկ հաջորդ ամիս Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Սինդի ՄքՔեյնը հայտարարեց Գազայի հյուսիսում «լիակատար սովի» մասին ։

Միջազգային իրավունքը արգելում է սովի կիրառումը որպես պատերազմի գործիք։ Որպես օկուպացիոն ուժ՝ Իսրայելը պարտավոր է ապահովել, որ խաղաղ բնակչությունը ստանա բավարար սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր։

Սակայն Իսրայելը շարունակաբար խոչընդոտում է օգնության մուտքը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Հաագայի Միջազգային դատարանը 2024-ի հունվարին պարտադիր որոշմամբ պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու սովը և լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի հետ, Իսրայելը վերսկսեց պաշարումը և փակեց բաշխման հարյուրավոր կետեր։

Իսրայելի պաշտոնյաները բացահայտ խոստովանել են սովի կիրառումը որպես զենք։ Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը 2024-ի օգոստոսին հայտարարեց, որ «կարող է արդարացված և բարոյական լինել»՝ «թողնել, որ երկու միլիոն քաղաքացի սովից մահանա», իսկ անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը թվիթ արեց, որ «պետք է ռմբակոծել սննդի պահեստները»։

Այսօր պաղեստինցիները դիտավորյալ սովամահ են արվում։ Չնայած նախանշանները վաղուց էին տեսանելի, բազմաթիվ կառավարություններ աչք են փակել՝ ավելի շատ զենք մատակարարելով Իսրայելին, քան օգնություն Գազային։

Պատմությունը այս պահը հավերժ գրանցելու է որպես համաշխարհային ամոթի պահ։ Այն կպահպանի կմախքացած երեխաների պատկերները կողք կողքի սովահարությունների նախկին պատկերների հետ, որտեղ աշխարհը ոչինչ չարեց։ Մնում է միայն հուսալ, որ աշխարհը այժմ կգործի՝ գոնե մի փոքր պահպանելու մեր մարդկայնությունը, քանի դեռ ավելի շատ երեխաներ չեն մեռել։

Բինաիֆեր Նավրոջիեն Բաց հասարակության հիմնադրամների նախագահն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում