«Դուք մնալու եք մեղավոր». Աջապահյանը` դատավորին

«Այսօր կլինի, 10 տարի հետո կլինի, թե իմ մահից հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր»,- այս մասին դատական նիստի ժամանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով իր նկատմամբ քրեական հետապնդման քննության ընթացքի մասին։
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում տեղի է ունեցել Միքայել Աջապահյանի գործով երկրորդ դատական նիստը։ Դատավորը մերժել է փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Փաստաբանը կարծում է, որ դատավորը «ի զորու չէ արդարացի քննություն իրականացնելու»։
Դատական նիստի ժամանակ Միքայել Աջապահյանը դատավորին հայտնել է, որ իր ձերբակալությունը իշխանությունների խարանն է և հարցրել, թե ինչու է դա դատավորին պետք։
Փաստաբանական թիմը համոզված է, որ դատարանը կատարում է իշխանության հրահանգը և նպատակ ունի շտապեցնել գործի քննությունը։ Որպես փաստ նրանք ներկայացնում են վեց աշխատանքային օրվա ընթացքում նշանակված չորս դատական նիստերը։
Նախորդ նիստի ժամանակ դատարանը մերժել էր սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ ևս 10 օրով երկարացնելով նրա անազատության ժամկետը։ Դատարանը մերժել էր նաև գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան փոխանցելու միջնորդությունը: Չէր բավարավել քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդության քննությունը։
Միքայել արքեպիսկոպոսին «իշխանությունը զավթելու» կոչի համար մեղադրանք է ներկայացվել նրա հարցազրույցներից մեկից հետո, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այդ մասին սրբազանը խոսել է երկու անգամվ երջին մեկ տարվա մեջ։ Հատկանշական է, որ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել և գործ չէր հարուցել, սակայն հետագայում իր դիրքորոշումը փոխել էր, երբ սրբազանը կրկնել էր իր հայտարարությունը։
Դատախազությունը պարզաբանում է, որ նախկինում Աջապահյանի խոսքերն ընկալվում էին որպես «էմոցիոնալ պոռթկում» կամ «հուզական գնահատական», որի համար բավարար հիմքեր չկային քրեական գործ հարուցելու։ Սակայն դատախազ Աննա Վադրապետյանը Հանրային հեռուստատեսության եթերում ասել է, որ 2025 թվականի հունիսին՝ ահաբեկչության նախապատրաստման գործով և իշխանության յուրացման գործերով բացահայտումների ֆոնին, Աջապահյանը վերահաստատել է իր նախկին հայտարարությունը՝ մանրամասն մեկնաբանելով ու բացատրելով դրանց իմաստը, ինչը Դատախազության համար դարձել է քրեական հետապնդում սկսելու հիմք։
Նշվում է, որ եթե դատարանը Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչի, սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։
Civilnet










