Միայն վիճակագրական մեթոդաբանությունն ու «Արմավիայի» կողմից անցյալ տարվա առաջին եռամսյակում Գերմանիա վերարտահանված Airbus A319-ը 2012թ. ընդհանուր արտահանման ծավալների 4% աճ են ապահովել։ Արդյունքում Հայաստանի արտահանումն ավելացել է 7%-ով, այն դեպքում երբ իրական աճն ընդամենը 1,8% է։ Աճի նման ցածր տեմպը համաշխարհային շուկայում մետաղների գների նվազման հետևանք է։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2012թ. Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 7%-ով՝ կազմելով Դ1,428 մլրդ, այն դեպքում, երբ Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ-ի ապրանքախմբերով (2011-2012 թթ.)» աղյուսակից երևում է, որ անցած տարի Հայաստանի արտահանումը կազմել է Դ1,361 մլրդ. ցուցանիշը 2011թ. համեմատ ավելի է ընդամենը 1,8%-ով։ Երկու գերատեսչությունների տվյալների միջև շեղումը $67 մլն է, ինչը մեթոդաբանական է խնդիր է։
ԱՎԾ-ն արտաքին առևտրի ծավալները հաշվարկելիս հիմք է ընդունում մաքսային վիճակագրությունը, որը համալրվում է կազմակերպությունների կողմից տրամադրվող՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի արտահանման և ներմուծման վերաբերյալ տվյալներով: Ի տարբերություն ԱՎԾ-ի՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունում չի ներառում, օրինակ, «վերարտահանում՝ նախկինում ժամանակավոր ներմուծումից հետո» մաքսային ռեժիմը։
Անցած տարվա ապրիլին պարզաբանելով ՊԵԿ-ի և ԱՎԾ-ի տվյալների միջև շեղումները՝ ՊԵԿ-ում նշում էին, որ «վերարտահանում՝ նախկինում ժամանակավոր ներմուծումից հետո» մաքսային ռեժիմով 2012թ. մարտին Գերմանիա է վերարտահանվել Airbus A319111 մակնիշի ինքնաթիռ։ 2012թ. առաջին եռամսյակում երկու գերատեսչությունների տվյալների միջև շեղումը $54,7 մլն էր։ Ստացվում է, որ տարեկան կտրվածքով վիճակագրական տվյալների $67 մլն շեղումը գրեթե ամբողջովին (82%-ով) պայմանավորված է վերարտահանված ինքնաթիռի հանգամանքով։
Թեև ԱՎԾ-ն պաշտոնական վիճակագրություն ներկայացնող պետական մարմին է, արտահանման հարցում պատկերն ավելի օբյեկտիվ է ՊԵԿ-ի տվյալներում, քանի որ դրանցում ամրագրվում է երկրում արտադրված արտադրանքների արտահանումը։ Հակառակ դեպքում, եթե տնտեսավարողները մի քանի ինքնաթիռ ներկրեն և նույն տարում դրանք վերարտահանեն, ապա մեթոդաբանությունը արտահանման կտրուկ աճ կարձանագրի, որը չի արտացոլի իրականությունը։
Արտահանման աճի անցած տարվա ցածր տեմպը (1,8%) պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների նվազումով։ Հայաստանի արտահանման մոտ կեսը բաժին է ընկնում հանքարդյունաբերական արտադրանքին, և համաշխարհային շուկայում գների փոփոխությունն անմիջապես ազդում է ցուցանիշների վրա։
Ուշագրավ է, որ 2012թ. Հայաստանում հանքարդյունաբերական արտադրանքի գծով թեև ֆիզիկական ծավալների աճ է արձանագրվել, գումարային արտահայտությամբ ոլորտում արտահանումը կրճատվել է 2,5%-ով։ Այսպես՝ հանքաքար և խտահանք պղնձի ֆիզիկական ծավալների 11% աճի պայմաններում գումարային արտահայտությամբ արտահանումը կրճատվել է 12,6%-ով։

Civilnet










