ԱՄՆ-ն կօգնի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը խաղաղության պայմանագրի շրջանակում, ասել է Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգները կօգնի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին ուղղված ցանկացած պայմանագրում։ Օգնության ծավալը, ինչպես նշում է Reuters-ը, դեռ հստակ չէ։
Թրամփը խոստումը տվել է Սպիտակ տանը կայացած արտակարգ գագաթնաժողովի ընթացքում, որտեղ նա ընդունել է Զելենսկիին և Եվրոպայի մի շարք դաշնակից երկրների ղեկավարների՝ նախորդ ուրբաթ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո։
«Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, մեծ աջակցություն է լինելու»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ եվրոպական երկրները ևս ներգրավվելու են։ «Նրանք առաջին գիծն են, քանի որ հենց այնտեղ են, բայց մենք էլ նրանց կօգնենք»։
Զելենսկին այս խոստումը որակել է «մեծ առաջընթաց»՝ նշելով, որ երաշխիքները «գրավոր կձևակերպվեն առաջիկա շաբաթվա ընթացքում» և հավելել է, որ Ուկրաինան առաջարկվել է գնել մոտ 90 մլրդ դոլարի ամերիկյան զենք։
Երկուշաբթի հանդիպման մթնոլորտը զգալիորեն ջերմ էր, քան փետրվարին Օվալաձև սրահում տեղի ունեցած սկանդալային հանդիպմանը, երբ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրապարակավ քննադատում էին Զելենսկուն։
Ռուսաստանի ԱԳՆ-ն մինչ բանակցությունների մեկնարկը բացառել էր ՆԱՏՕ-ի երկրների զորքերի տեղակայումը խաղաղության ապահովման համար՝ բարդացնելով Թրամփի առաջարկը։
Թրամփն ու Զելենսկին հայտնել են, որ հույս ունեն հանդիպումը ի վերջո կհանգեցնի եռակողմ բանակցությունների Պուտինի հետ, որի ուժերը դանդաղ առաջ են շարժվում Ուկրաինայի արևելքում։ Թրամփը հայտարարել է, որ արդեն հեռախոսով խոսել է Պուտինի հետ և սկսել է կազմակերպել նրա ու Զելենսկու հանդիպումը, որին կհաջորդի երեք նախագահների գագաթնաժողովը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Պուտին–Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Հրադադա՞ր, թե՞ համապարփակ պայմանագիր
Եվրոպացի առաջնորդները, որոնք ժամանել էին Վաշինգտոն՝ աջակցելու Զելենսկուն, կոչ էին անում Թրամփին պնդել, որ Պուտինը համաձայնի հրադադարի, նախքան որևէ խաղաղ բանակցություն։ Թրամփը նախևառաջ աջակցել էր այս գաղափարին, սակայն ուրբաթ Պուտինի հետ հանդիպումից հետո փոխել դիրքորոշումը՝ ընդունելով Մոսկվայի պահանջը, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի համապարփակ։
«Կցանկանայի, որ կրակը դադարեցվեր։ Բայց ռազմավարական առումով դա կարող է կողմերից մեկի համար անբարենպաստ լինել»,– ասել է Թրամփը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մերցը ընդգծել են, որ հրադադարը պետք է նախապայման դառնա Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների համար։
Բարիդրացիական մթնոլորտ
Զելենսկին այս անգամ առավել ջերմ մթնոլորտում էր հանդիպում ԱՄՆ վարչակազմի հետ։ Նա լրագրողների առջև շնորհակալություն հայտնեց առնվազն ութ անգամ։ Թրամփը նրան ընդունել էր ջերմ՝ նույնիսկ գովելով նրա սև կոստյումը՝ ի տարբերություն նրա նախկին ռազմական համազգեստի։
Ճնշում Կիևի վրա
Թրամփը շտապում է ավարտին հասցնել վերջին 80 տարում Եվրոպայում պատերազմի ամենաարյունալի շրջանը։ Նրա վարչակազմը պնդում է, որ երկու կողմերն էլ պետք է գնան զիջումների։ Սակայն նախագահը մեծ ճնշում է գործադրում Զելենսկու վրա՝ նշելով, որ Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմը վերադարձնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակներից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը քննարկման թեմա չէ, սակայն հնարավոր է «Հոդված 5»-ին համարժեք անվտանգության երաշխիքներ տրամադրվեն։
Պուտինի առաջարկները, որոնցում ներառված էր Դոնեցկի մնացած տարածքի հանձնումը, Զելենսկին գրեթե ամբողջապես մերժել է։ Ցանկացած տարածքային զիջում Ուկրաինայում պետք է հաստատվի հանրաքվեով։
Civilnet










