Իրանը և Հայաստանը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը տրանսպորտի և տարանցիկ ենթակառուցվածքների ոլորտում՝ միաժամանակ լուծելով սակագնային անհավասարակշռության շուրջ վեճերը։ Այս մասին հայտնում է իրանական Tesnim-ը։ Ըստ պարբերականի, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երևանում՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հանդիպման ժամանակ։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ երկու երկրների նախարարներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Խուդաթյանը նշել է, որ աշխատանքների տեմպը գոհացուցիչ է և հայկական կողմը բարձր է գնահատում շինարարական ընկերության ներդրած ջանքերը։
Անդրադարձել է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում խնդրի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։
Քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։
Նախարարը կարևորել է Իրանի տարբեր քաղաքների հետ կանոնավոր օդային հաղորդակցության ընդլայնումը` ընդգծելով, որ Հայաստանի համար դեպի Իրան օդային ուղղությունը պահանջված է։
Իրանական Tesnim-ի հաղորդմամբ, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը շեշտել է Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքների զարգացման կարևորությունը և կոչ է արել բարելավել Հայաստանի ճանապարհային, երկաթուղային և լոգիստիկ ցանցերը՝ առևտուրը հեշտացնելու համար։
Նա նշել է երկու երկրների միջև տարանցիկ սակագների 330 դոլարի տարբերությունը և կոչ է արել վերանայել համակարգը՝ ասելով, որ նոր երթուղիները պետք է խուսափեն աշխարհաքաղաքական փոփոխություններից։
Իրանցի նախարարը նաև ընդգծել է Ջուլֆա-Երևան-Վրաստան երկաթուղային գծի վերաբացումը որպես տարածաշրջանային տարանցման կարևոր քայլ և Իրանի նախագահի Հայաստան կատարած այցը որակել է որպես Թեհրան-Երևան կապերի ամրապնդման կարևորագույն քայլ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։
Civilnet











