Վաշինգտոնի բանակցությունները նշանակալի քայլ էին պատերազմի ավարտի համար․ Զելենսկի

Վաշինգտոնի բանակցությունները նշանակալի քայլ էին պատերազմի ավարտի և Ուկրաինայի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այս մասին սոցիալական իր էջերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ կայացած բանակցությունները։
«Երեկ Վաշինգտոնում կարևոր բանակցություններ տեղի ունեցան Միացյալ Նահանգների նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ։ Սա իսկապես նշանակալի քայլ էր՝ ուղղված պատերազմի ավարտին և Ուկրաինայի ու մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը», - նշել է Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ կողմերն արդեն անցել են անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության մշակման աշխատանքներին։
«Այսօր մենք շարունակում ենք համակարգումը առաջնորդների մակարդակով։ Տեղի կունենան քննարկումներ, և մենք պատրաստում ենք համապատասխան ձևաչափերը», - հավելել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ աշխատանքները կշարունակվեն նաև վաղը, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդականները գտնվում են մշտական կապի մեջ։
«Անվտանգության երաշխիքներ լինելու են», - վստահեցրել է Ուկրաինայի ղեկավարը։
Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ վճռականության և աջակցության համար։
«Ուկրաինան զգում է այս ուժը։ Եվ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղության տանող ճանապարհը դառնա իրականություն՝ գործընկերության, անվտանգության երաշխիքների և ուկրաինացի ժողովրդի քաջության շնորհիվ»։
Civilnet










