Իրանի նախագահի հետ երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակն աշխատանքներ իրականացնելու մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 19-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Փաշինյանը հայտնեց, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։
«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն Իրանի նախագահին է ներկայացրել Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մանրամասները։
«Ես շնորհակալ եմ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի հետ Հայաստանի առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցման ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։
«Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն Հայաստան և դեպի Սև ծով։
Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը»,- նշեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը, և ոչ թե որևէ երրորդ երկիր։
Civilnet











