Հաշվի առնելով Հայաստանի և Իրանի միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը, համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջը կառուցելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ռազմավարական ուղենիշ է սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ, այն հացնելով նախ մեկ, այնուհետև երեք մլրդ դոլարի։
Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների գործարարների համար։
«Ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխգործակցությունն ընդգրկում է բազմաթիվ այլ բնագավառներ, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն, որոնցից յուրաքանչյուրում տարեց տարի սահմանում ենք նոր հորիզոններ», - նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավա Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի, որոնք արդեն գործնական փուլում են։
«Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը», - ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամկետում։
Էներգետիկ ոլորտի կարևորագույն նախագծերից վարչապետը առանձնացրեց Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը։
«Հարգարժան գործընկերոջս հետ այդ հարցը ևս քննարկեցինք, և ունենք հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվի»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ դրա շահագործումը թույլ կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան։
Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը վերահաստատեց երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ «Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների շարունակական ակտիվ ջանքերի շնորհիվ երկուստեք կյանքի կկոչենք նոր համատեղ ծրագրեր ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Civilnet











