Իրան–Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտական փուլում է․ նախարար

Իրան–Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը հասել է ավարտական փուլին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ նոր գծի շահագործումը հնարավորություն կտա էականորեն մեծացնել Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։
«Ինչ վերաբերում է էներգետիկ համակարգում հայ-իրանական համագործակցությանն, ապա հայտնի է, որ այս պահին ընթացքի մեջ է, սակայն կարող եմ ինձ թույլ տալ և ասել, որ արդեն ավարտական փուլում են գտնվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ կկարողանանք լրացուցիչ մեծ ծավալ արտահանել դեպի Իրան»,- ասել է նախարարը
Ըստ նախարարի՝ ներկայում էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան շարունակվում է գրեթե ողջ տարվա ընթացքում, իսկ նոր բարձրավոլտ գծի գործարկումը կդառնա այդ գործընթացը զարգացնելու կարևոր պայման։ Ծրագրի հաջող ավարտից հետո նախատեսվում է, որ արտահանվող հոսանքի ծավալը կկրկնապատկվի՝ ներկայիս 350 ՄՎտ-ից հասնելով մինչև 1200 ՄՎտ։
Խուդաթյանը նաև նշել է, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունն էներգետիկ ոլորտում կայուն է, իսկ երկու երկրների միջև գործընկերությունը ընդգրկում է նաև ենթակառուցվածքների և ճանապարհաշինության ուղղությունները։ Նրա խոսքով՝ ծրագրի շուրջ աշխատանքները շարունակվում են երկու կողմերի ակտիվ մասնակցությամբ, և ակնկալվում է, որ այն հնարավորինս շուտ կհասնի իր ավարտին։
Տեղադրություն
Civilnet










