Արցախից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են շրջիկ սպասարկման գրասենյակներ դիմել

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։
Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն մարզերում՝ անձնագրային ցանկացած տարածքային ստորաբաժանումներում, իսկ Երևանում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում կամ Զաքյան 3 հասցեում գտնվող անձնագրային ծառայությունում, ապա այժմ դիմումներն ընդունվում են նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։
ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ներկայումս ՆԳ նախարարի հրամանով հաստատվել է շրջիկ գրասենյակի միջոցով քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են հետևել ՆԳ նախարարության պաշտոնական կայքէջին, ինչպես նաև ՄՔԾ էջերին՝ սոցիալական հարթակներում և տեղեկանալ շրջիկ գրասենյակի տեղակայման մասին։
Շրջիկ գրասենյակի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ ընդունելու նպատակը հերթերից խուսափելն ու առավել մեծ քանակով քաղաքացիների սպասարկելն է։
Մինչ օրս շրջիկ սպասարկման գրասենյակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 60 անձ ներկայացրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում։ Այս ձևաչափով ծառայությունների մատուցումը շարունակական է։ Շրջիկ սպասարկման գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման վայրերի և ժամանակացույցի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։
Թեմա
Civilnet










