Գլխավոր Լրահոս

ԵԽԽՎ 50-ից ավելի պատգամավոր պահանջում է կառույցից վտարել Վրաստանին

ԵԽԽՎ 50-ից ավելի պատգամավոր պահանջում է կառույցից վտարել Վրաստանին

Ջանդի (Ալեքսանդրա) Քուենինգ, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 51 պատգամավոր ստորագրել է գրավոր հայտարարություն, որով սպառնում են վիճարկել Վրաստանի պատվիրակության լիազորությունները։ Նրանք կոչ են անում Վրաստանին վտարել կառույցից, եթե երկիրը չդադարեցնի իր ավտորիտար քաղաքականությունը։

Երեքշաբթի հրապարակված հայտարարությունում վկայակոչվում է ԵԽԽՎ-ի հունվարին ընդունած բանաձևը, որով Վրաստանի պատվիրակության մանդատը վավերացվեց այն պայմանով, որ մինչև ապրիլ երկիրը պետք է կատարի մի շարք պայմաններ։ Դրանք վերաբերում էին «քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանն ու խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը՝ բարելավված ընտրական պայմաններում»։

Պատգամավորները նշում են, որ իրավիճակը Վրաստանում «զգալիորեն վատթարացել է»՝ մատնանշելով ընդդիմության ղեկավարների բանտարկությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ «քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները»։

«Սա այլևս առանձին դեպքերի շարք չէ, այլ շարունակական արշավ՝ ոչնչացնելու ժողովրդավարական ընդդիմությունը, սահմանափակելու խոսքի ազատությունը և լռեցնելու քաղաքացիական հասարակությունը»,- ասված է տեքստում։

Հայտարարությունում նաև շեշտվում է, որ «ճնշումների և մեկուսացման այս ուղին խախտում է Վրաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի պարտավորությունները», և որ նման հետընթացը անտեսելը «կխարխլի ԵԽԽՎ-ի հիմքերը»։

Հայտարարությանը պատասխանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով, որ Վրաստանը դեռ հունվարին կասեցրել էր իր մասնակցությունը ԵԽԽՎ-ում։ «Այս պայմաններում տեսնում եք, թե եվրոպական բյուրոկրատիայի վիճակը որքան անմխիթար է․ նրանք պահանջում են կասեցնել մի կարգավիճակ, որը մենք մեր ձեռքով արդեն կասեցրել ենք»,- ասել էր Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ՝ ապրիլին, հունվարյան բանաձևով սահմանված ժամկետից հետո, ԵԽԽՎ-ն կրկին ընդունել էր Վրաստանին քննադատող բանաձև՝ վերահաստատելով նախկին պահանջները, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակման պահանջը։

Տեքստում նաև ընդգծվում էր, որ Վրաստանում «ժողովրդավարական հետընթացի շարունակությունը» «խոչընդոտող» կլինի ապագա ՎԵԽԽՎ նիստերին ներկայացվելիք նոր պատվիրակության լիազորությունների վավերացման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում