Գինու տուրիզմի ամբողջ շղթան՝ EnoFest Armenia 2025 փառատոնում

Օգոստոսի 15-ին Երևանում կայացավ EnoFest Armenia 2025 փառատոնը։ Երեք օր շարունակ գինեգործներ, զբոսաշրջային մասնագետներ ու մշակութային նախաձեռնողներ միավորվեցին՝ ներկայացնելով Հայաստանի հինավուրց գինեգործական ավանդույթներն ու ժամանակակից հյուրընկալության հնարավորությունները։
Բացօթյա փառատոնը համատեղեց գինու համտես, մշակութային ներկայացումներ, գաստրոնոմիա, արհեստագործություն և տուրիզմ։
«Մեկտեղել ենք բոլոր շահառուներին՝ գինու տուրիզմի այն ամբողջ շղթան, որը կազմում է ցանկացած երկրի գինու տուրիզմը»,- ասում է Հայաստանի էնոտուրիզմի խորհրդի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանը։



Փառատոնի մեկնարկի օրը՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ ուղեկցող միջազգային համաժողով՝ EnoTalks Armenia 2025-ը։ Փակ ձևաչափով համաժողովի նպատակն էր զարգացնել գինու զբոսաշրջությունը՝ համախմբելով միջազգային և տեղական փորձագետների, քաղաքականություն մշակողների և ոլորտի առաջատարների։
Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ նման փառատոնները նպաստում են ոլորտի զարգացմանը։
«Գիտաժողովը օգնելու է, որ միջազգային փորձը ներդրվի այստեղ: Միջազգային փորձագետները իրենց երկրների և իրենց սեփական փորձը ներկայացնեն։ Տեսնեն մեր հնարավորութունները և ներուժը»,- ասում է Անահիտ Մկրտչյանը ։
Գիտաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել «Արենի-1 քարայրի և հարակից գինեգործական լանդշաֆտի»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու կարևորությանը։
«Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագույն գինու հնձան, խաղողի նմուշներ։ Եթե հուշարձանը ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, ապա կնպաստի, որ հուշարձանը հանրահռչակվի և Հայաստանում գինու զբոսաշրջությունը լայն թափ ստանա»,- ասում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը։
«Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Բորիս Գասպարյանի խոսքով՝ եթե քարայրը ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, ապա կդառնա համամարդկային արժեք և կխթանի զբասաշրջությանը։
«Արենին համամարդկային արժեք է, հանրահռչակման գործիք է, որ զբոսաշրջությունը այսպես ավելի ինտենսիվ դառնա, դա մի այսպես միասնական համալիր է, որտեղ այցելուն կարող է ծանոթանալ երկրաբանությանը, կենդանաբանությանը, բուսաբանությանը, այսինքն այդ ամբողջը պետք է դիտարկել որպես մեկ միասնական փաթեթ։ Այցելուները կարող են նաև կրթվել»,- ասում է Բորիս Գասպարյանը։
Դիտե՛ք նաև՝
Civilnet










