Աղմկոտ լռություն. ինչո՞ւ չի հրապարակվում Թրամփի ուղու հուշագիրը

Կարեն Հարությունյան
Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները չեն հրապարակում օգոստոստի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերը, որոնցից առավել հետաքրքրական է Հայաստանի հարավով Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ճանապարհի՝ այսպես կոչված «Թրամփի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհի» (Trump Route of international peace and prosperity, TRIPP) ծրագիրը։
Օգոստոստի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր, որի տակ իր ստորագրությունը դրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնյան հանդիպմանը Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին նաև երեք առանձին հուշագիր՝ ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին», «Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին» և Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:
Մինչ այժմ պաշտոնապես հայտարարվել է, որ ճանապարհի վերահսկողությունը/կառավարումն իրականացնելու է հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը։ Նախքան վաշինգտոնյան հանդիպումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի ճանապարհով երթևեկող ադրբեջանցիները չպետք է հանդիպեն հայերի։ Նախաստորագրված խաղաղության պայմանագրի 17 կետերից դուրս Ադրբեջանը ևս երկու հիմնական պահանջ է ներկայացնում՝ ճանապարհ/միջանցքի հատկացում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Մեկ այլ պահանջ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու մասին, արդեն կատարվեց Հայաստանի կողմից՝ չնայած նախնական պնդումներին, թե դա կարվեր խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ։
Օգոստոսի 8-ից հետո թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ իշխանական փորձագետներն ու քարոզիչներն աներկբա պնդում են, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի մեծագույն ձեռքբերումն է, որ ճանապարհը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որ ճանապարհի համատեղ հայ-ամերիկյան կառավարումը նշանակում է ամերիկյան անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար և այլն։ Այս «վերլուծությունները», բնականաբար, հիմնվում են ոչ թե փաստերի, այլ ենթադրությունների կամ իջեցվող հրահանգների վրա։
Իսկ հարցերը, թե արդյոք հայ սահմանապահը/մաքսավորն է ստուգելու սահմանը հատած ադրբեջանցու անձնագիրը, ինչպես է հավաքագրվելու տարանցիկ բեռների մաքսատուրքը, ովքեր են վերահսկելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը և այլն, մնում են անպատասխան։ Եվ քանի դեռ «Թրամփի ճանապարհի» տեխնիկական այս մանրամասները գաղտնի են պահվում, հայ հանրությունը իրավունք ունի պնդելու, որ սա միջանցք է՝ յուրովի փաթեթավորմամբ։
Վաշինգտոնում Հայաստանի համար միակ (կարևոր) ձեռքբերումը թերևս ռազմական էսկալացիայի հավանականության փոքրացումն է։ Մնացած առումներով՝ նախաստորագրված համաձայնագիրը կապիտուլյացիայի ակտ է, որով Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ այդ փաստաթղթով կամ դրանից դուրս։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը փաստացի դրել է մի իրավիճակում, երբ իր իսկ ստեղծած մարտահրավերների հաղթահարումը կամ այդ ուղղությամբ ջանքերը ներկայացնում է որպես ձեռքբերում, որպես քաղաքական խիզախություն։
Նա չի խոստովանում, որ 2019-ին չի ունեցել իրական խիզախությունն ընդունելու իրեն ներկայացված Ղարաբաղյան կարգավորման պլանը։ 2020-ից հետո էլ նա փաստացի հրաժարվեց իր իսկ ստորագրած՝ ռուսական հսկողությանը ճանապարհ տրամադրելու խոստումից։ Պատրաստ եղավ դրա համար զոհաբերել Ղարաբաղը, բայց հիմա տալիս է ճանապարհ՝ առանց Ղարաբաղի։
Այժմ իշխանական քարոզիչները ներկայացնում են, թե «ամերիկյան ճանապարհը» որքա՜ն տարբեր է լինելու անիծյալ «ռուսական ճանապարհից», որ այն Pax Americana (Ամերիկյան խաղաղություն) է և այլն։ Իսկ քարոզիչներին չեն հետաքրքրում հարցերը, թե ինչու Ղարաբաղի անկումից հետո Հայաստանն ընդհանրապես պետք է քննարկի ճանապարհի արտապատվիրակման որևէ տարբերակ, ինչու պետք է համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին ու անգամ այդ ամենից հետո չստանա խաղաղության պայմանագրի ստորագրում ու ոչ թե անորոշ նախաստորագրում։
Նախաստորագրում, որով Փաշինյանը սկսել է 2026-ի իր նախընտրական արշավը՝ իբր խաղաղությունն արդեն «հաստատված փաստ է», և ով դեմ է իր քաղաքականությանը, դեմ է խաղաղությանը։
Read the article in English: The Trump Route: Peace Road or Corridor in Disguise?
Տեղադրություն
Կարեն Հարությունյան










