Փաշինյանն ու Ալիևը հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին հրավիրված են նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների առաջնորդներ։
Գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 20 երկրի առաջնորդ, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։
«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Հայհե գետի ափին կհավաքվեն ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ», - ասել է նա ասուլիսի ժամանակ։
Լյու Բինի խոսքով՝ մասնակիցները կքննարկեն ՇՀԿ-ի հաջողված փորձը, կուրվագծեն կազմակերպության զարգացման ուղղությունը և համաձայնություն ձեռք կբերեն համագործակցության հարցերի շուրջ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միավորում է, որը հիմնադրվել է 2001-ին: ՇՀԿ անդամ են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Ուզբեկստանը և Բելառուսը: Դիտորդ երկրներ են՝ Աֆղանստան և Մոնղոլիա, գործընկեր երկրներ են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ-ն և Շրի Լանկան:
***
Հուլիսին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալ։
Civilnet










